«Եկել եմ, գնամ, իմ ժողովրդի անմեղ զոհերի համար խոնարհվեմ, ծաղիկը դնեմ ու գնամ տուն»։ 82 տարեկան Արտուշ Միրզոյանը քաղաքի մի ծայրից մյուսն էր հասել սովորականի պես՝ սև կոստյումով ու մի փունջ վարդ ձեռքին։ Ասում է՝ խորհրդային տարիներին ու անկախացումից հետո ոչ մի Ապրիլի 24 բաց չի թողել՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ցեղասպանության զոհերին իր խոնարհումը բերելու։
Առավոտյան 10-ին էր եկել ու իմացել՝ այսօր արգելված է հուշահամալիր գնալը.- «Ես թերթ-մերթ չեմ կարդացել, չեմ իմանում: Գիտեմ` էս օրը Եղեռնն ա, եկել եմ մասնակցելու»:
Ժամեր շարունակ դեպի հուշահամալիր տանող ճանապարհին մնալուց հետո էլի հույսը չէր կորցրել, հնարավոր է` իր դեպքում բացառություն անեն.- «Սպասում եմ, գուցե մի մարդ՝ 100-ից, 1000-ից մարդ լինի, թող իրանց մեքենայով տանեն, բերեն, որ վախենում են, ես ոչ մեկին չեմ խանգարում»:
Սակայն ինքը պատրաստվել էր՝ ոտքով էր բարձրանալու հուշահամալիրի տարածք, դրա վերաբերյալ հարցն անգամ զարմացրեց.- «Ոտքով եմ բարձրանալու, էստեղ ի՞նչ կա որ, ինձ համար սովորական բան է»:
Չնայած ցուրտ եղանակին, անձրևին` մնաց ևս մի քանի ժամ, սպասում էր՝ գոնե ոստիկանների հսկողությամբ հնարավորություն կունենա բարձրանալու։ Պատրաստ էր անգամ մինչև գիշեր մնալ.- «Պիտի տնից չգայի, եթե իմանայի սենց է, տնից չէի դուրս գայի, կմնայի տանը, բայց որ եկել եմ, էս է, ուզում ա մեռնեմ էլ, էս ա: Իրան (ոստիկանին) ասացի` խնդրում եմ` գոնե ձեր մեքենայով տարեք, բերեք էլի, ինչը որ պետքն ա, ձեզ կտամ, ի՞նչ ասեմ, բենզինի փող ա, ինչի փող ա»։
Որ հարգանքի տուրքը կարող է վիրտուալ մատուցել, Արտուշ պապը չէր լսել ու անգամ չէր էլ պատկերացնում՝ ինչպես է դա հնարավոր։ Երբ ասացի, պատասխանեց, որ ծանոթներին չի ուզում նեղություն պատճառել, իսկ մինչ այդ 82-ամյա ծերունու մասնակցությամբ տեսանյութը համացանցում մեծ տարածում գտավ։ Անգամ օգտատերերից մեկը «1915» համարին նրա անունով հաղորդագրություն ուղարկեց՝ Արտուշ պապի ցանկությունը գոնե վիրտուալ իրականություն դարձնելու համար: Հայտնեցինք դրա մասին:
«Դուք ի՞նչ իմանում եք, էդ էլ արեք, ես ի՞նչ անեմ...»,- ասում էր ու հավելում` ոչինչ, որ անձրև է, չի ուզում տուն գնա:
89-այմա Ֆրունզիկ Մկրտչյանն էլ կիլոմետրեր կտրել, Քանաքեռ-Զեյթունից ոտքով էր եկել, երկու ձեռնափայտերի միջոցով, ինքն էլ ոչ թերթ էր կարդացել, ոչ էլ հեռուստացույց դիտել։ Սրտնեղեց, չի կարող բարձրանալ, հարցնում է՝ բա այգիներում ինչպե՞ս են թույլ տալիս մարդկանց զբոսնել.- «10 տարի չեմ եկել, էս տասերորդ տարին է...»:
Լսեց ոստիկանների հորդորն ու գնաց, կրկին ոտքով։ Իսկ այդ ընթացքում 82-ամյա Արտուշ Միրզոյանը դեռ հույսը չէր կտրել, ոստիկանները նրան առաջարկեցին գոնե մեքենայում սպասել։ Օրենքը բոլորի համար է, չեն կարող ընդառաջել, ևս մեկ անգամ հիշեցրին ոստիկանները։