Թուրքմենստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ երկրում չկան կորոնավիրուսի հաստատված դեպքեր։
«Եթե Թուրքմենստանում լիներ գոնե մեկ արձանագրված դեպք, մենք առաջին հերթին կտեղեկացնեինք մեր միջազգային գործընկերներին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը», - հայտարարել է երկրի արտգործնախարար Ռաշիդ Մերեդովը:
«Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության փոխանցմամբ, երկրի իշխանությունները համաճարակի դեմ պայքարի արդյունքում է՛լ ավելի են սահմանափակում մարդկանց իրավունքներն ու ազատությունները, երկրի բնակչությունը հետապնդվում է կորոնավիրուսի թեմայով զրուցելու համար, սահմանափակվել է մարդկանց տեղաշարժը։ Իշխանությունները պաշտոնապես արգելել են արտաբերել «կորոնավիրուս» բառը:
«Ազատության» թուրքմենական ծառայությունը փաստում է, որ երկրում կարանտինային կոշտ միջոցառումներին զուգահեռ իրականացվում են նաև զանգվածային թեստավորումներ, սակայն դրանց արդյունքները չեն հրապարակվում։