Մատչելիության հղումներ

Նարինե Գրիգորյան․ Երևի սա շատ պետք էր մարդկությանը՝ կանգ առնելու, հասկանալու, վերանայելու իր ապրելաձևը


Համազգային թատրոնը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս մի շարք միջազգային թատերական փառատոների պիտի մասնակցեր, որոնք չեղարկվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի համոզմամբ, արտակարգ դրության այս օրերին պետք է չընկճվել և հարմարվել այս նոր իրողությանը՝ հնարավորինս օգտագործելով մասնագիտական փորձառությունը նորանոր
դրսևորումներով ի հայտ բերելու կարողություններ:

«Պիտի պատրաստ լինենք ամեն ինչի։ Երևի սա շատ պետք էր մարդկությանը՝ մի հատ կանգ առնելու, հասկանալու, վերանայելու իր ապրելաձևը, և ուր ենք գնում ընդհանրապես։ Դրա համար ամեն ինչ բացասական երբ տեղի է ունենում, դրա հետ միաժամանակ նաև դրական բան եմ տեսնում։ Երանի մարդկությունը սթափվի ու կանգ առնի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

«Ցավոք սրտի, թատրոնը արվեստի հենց այն տեսակն է, որը մարդկանց հետ է կապված։ Քանի որ մենք պատերազմ տեսած մարդիկ ենք, ես միշտ մտածել եմ, որ գա մի պահ, որ լույս չլինի, բան, բայց էլի թատրոնը միշտ մարդու կողքին է լինելու։ Ու չեմ պատկերացրել, որ կգա հակառակը՝ կգա ինչ-որ մի բան, որ մենք տան մեջ փակված կլինենք։ Կլինի լույս, կլինի ջուր, բայց չի լինի փոխհարաբերություն, կենդանի շփում, ինչը իրականում հենց թատրոնի արժեքն է։ Այդ առումով, իհարկե, սա շատ մեծ հարված է թատրոնին, որովհետև հետո երբ ասեն դուրս եկեք, երբ մարդիկ կհամարձակվեն ավելի մեծ շփումների, գալ թատրոն և այլն, դա դանդաղ պրոցես է լինելու։ Թատրոնը պիտի շատ ճկուն լինի։ Եթե հիմա այդպես հնարավոր չէ ստեղծագործել, ուրեմն պիտի ձևը փոխել։ Հիմա մենք «Առականի» ծրագիր ունենք, որը մեր ֆեյսբուքյան էջում է, նախարարության հետ համատեղ ենք արել։ Դրանք զուգահեռ սկսել ենք Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա», Վարշամ Գևորգյանն է անում, նույն ձևաչափի մեջ է նկարում»։

«Ազատության» խնդրանքով Նարինե Գրիգորյանն անդրադարձավ Համազգայինի ապագա շենքին․ - «Հիմա շինարարությունը սկսվել են։ Մեզ շատերն էին օգնության ձեռք մեկնել ներքին հարդարանքի համար, սպառազինելու ամեն ինչը՝ հնչյունային, լուսային և այլն։ Որովհետև դրա ֆինանսը մեզ վրա է։ Իսկ շենքի կառուցումը սկսել են, բայց չգիտեմ ինչքանով կբարդանա իրավիճակը, որքանով ձեռք մեկնածները հարյուր տոկոսանոց կանեն թե կկրճատեն իրենց օգնության չափը։ Ամբողջ աշխարհում է բարդացել իրավիճակը։ Հատկապես ովքեր օրվա աշխատավարձով էին ապրում, ինձ թվում է, իրենց համար է շատ դժվար։ Ինձ շատ դուր է գալիս, որ օգնում են մարդկանց․․․ գոնե վարձերը մուծեն, ուտելիք․․․ Ինչպես ամբողջ աշխարհը չի իմանում էս ամեն ինչը ինչքան կտևի ու ուր կգնա․․․ Աստծո կամոք եթե լինի, մյուս տարի շենքը կլինի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG