Հյուսիսային Օսիայի քննչական կոմիտեն, ինչպես հայտնում է գերատեսչության կայքը, այսօր քրեական գործ է հարուցել ապրիլի 20-ին ինքնամեկուսացման ռեժիմի դեմ Վլադիկավկազում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Ռոսգվարդիա»-ի և ոստիկանության 13 աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու առնչությամբ։
Կառավարության շենքի դեմաց չհամաձայնեցված ակցիային մոտ մեկ ու կես հազար մարդ էր մասնակցել։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկաններն ու «Ռոսգվարդիա»-ի մարտիկները, որոնք մի քանի ժամ անց վահաններով դուրս էին մղել ցուցարարներին։ Բախումների ընթացքում, ինչպես պնդում են գերատեսչությունում, իրավապահներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։
Հանրահավաքի մասնակիցները պահանջում էին օգնել նոր կորոնավիրուսի համաճարակի պատճառով աշխատանքը կորցրած մարդկանց և ավելի ստույգ տեղեկատվություն տրամադրել վարակվածների մասին։ Ցուցարարները պահանջում էին նաև Հանրապետության ղեկավար Վյաչեսլավ Բիտարովի հրաժարականը։
OMOH-ի մարտիկները հանրահավաքի մասնակիցներին դուրս էին մղել հրապարակից, 69 մարդ ձերբակալվել էր, նրանց մի մասին 3-15 վարչական կալանք է նշանակվել։
Երեկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, թե մարդկանց բողոքները պետք է լսել՝ միաժամանակ ընդգծելով, որ անօրինական հավաքը համաճարակի պայմաններում կարող է վարակի տարածման պատճառ դառնալ։
Ռուսաստանում բողոքի ալիքը արագորեն տարածվում է համացանցում։ Կարանտինի պայմաններում ռուսաստանյան ընդդիմությունը ակտիվ գործունեություն է ծավալել համացանցում։ Մասնավորապես, ապրիլի 20-ին ռուսաստանցիները մասնակցել են մասշտաբային օնլայն հավաքների երկրի մի շարք քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կրասնոդարում, Դոնի Ռոստովում։ Նրանք «Յանդեքս» քարտեզի միջոցով պահանջներ պարունակող գրառումներ են թողել այդ քաղաքների վարչական շենքերի մոտակայքում։ «Յանդեքս»-ը, իհարկե, այդ գրառումները ակտիվորեն ջնջում էր։
Բողոքի այսպիսի ակցիաները Ռուսաստանում շարունակվելու են, իսկ ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին իշխանություններին ներկայացրել է հինգ պահանջ, այդ թվում՝ բոլոր ռուսաստանցիներին անհապաղ բաժանել 20-հազարական ռուբլի, երեխաներին 10-հազարական ռուբլի և շարունակել վճարումները, եթե կարանտինը երկարաձգվի նաև մայիսին։
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու 5 հազար 236 նոր դեպք է հայտնել։ Հիվանդության բռնկման սկզբից ի վեր երկրի տարածքում վարակը հայտնաբերվել է 57 հազար 999 մարդու մոտ։ Վերջին օրվա ընթացքում մահացել է 57 մարդ։ Սա ռեկորդային ցուցանիշ է։ Ռուսաստանում նոր կորոնավիրուսից մահացել է արդեն 513 մարդ։
Կարանտինի և նավթի գների ռեկորդային անկման պատճառով Ռուսաստանի տնտեսությունը հայտնվել է խորը ճգնաժամում։ Տնտեսագետներն ու Կրեմլի քննադատները Կառավարությունից պահանջում են հայտարարել արտակարգ դրություն և պետական ռեզերվներն օգտագործել բարդ կացության մեջ հայտնված մարդկանց օգնելու համար։
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի վերջին հարցման համաձայն, ռուսաստանցիների կեսից ավելին՝ 58 տոկոսը, համաճարակի պայմաններում պետությունից օգնություն չեն ակնկալում։ Մեծ մասը՝ 78 տոկոսն ասել է, որ անհրաժեշտության դեպքում օգնություն կստանան հարազատներից։
Ռուսաստանի իշխանություններն ակնկալում են, որ արդեն մայիսի կեսերից համաճարակի տարածման տեմպերը կնվազեն, և երկիրը դուրս կգա կարանտինից։ Իսկ առայժմ Կառավարությունը ռուսաստանցիներին ուղարկել է վճարովի արձակուրդի մինչև ապրիլի 30-ը։ Մի շարք աղբյուրներ նշում են, թե կարանտինի խիստ պայմանները կերկարաձգվեն մայիսի կեսերը։
«Կոմերսանտ»-ը այսօր գրել է, թե իշխանությունները մտադիր են սահմանադրական փոփոխությունների քվեարկությունն անցկացնել ամռան առաջին կեսին։