Ամերիկահայերը որոշել են այս տարի ապրիլի 24-ին ցույցերի ու հիշատակի միջոցառումների փոխարեն դրամահավաք կազմակերպել և աջակցել դժվարին իրավիճակում հայտնված ամերիկացիներին` երախտագիտություն հայտնելով այն օգնության համար, որ այդ երկիրը տրամադրել է Ցեղասպանությունը վերապրած հազարավոր հայերի ավելի քան մեկ դար առաջ:
«Այս տարի` Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, Գլենդելի հայերը իրենց ավանդական` արդարության երթը չեն անցկացնի` կորոնավիրուսի համաճարակի պատճառով»,- այսօր գրել է «Լոս Անջելես Թայմսը»` հավելելով` «համայնքը որոշել է դրահամահավաք կազմակերպել` օգնելու Feeding America կազմակերպությանը, որը սնունդ է մատակարարում կարիքավորներին ու աղքատներին ողջ երկրով մեկ:
Նախաձեռնության նպատակն է հիշեցնել ու հարգանքի տուրք մատուցել 1920-ականներին ստեղծված օգնության կոմիտեին, որով Ամերիկան օգնության ձեռք էր մեկնել Եղեռնից փրկված հայերին, այդ թվում` ավելի քան 132 հազար որբերի կյանք փրկել, ավելի քան 400 ճամբարներ հիմնել փախստականների համար, դպրոցներ ու հիվանդանոցներ կառուցել:
«Որպես Ցեղասպանությունը վերապրածների սերունդ` մենք ուզում ենք մեր հավաքական երախտագիտությունը հայտնել Ամերիկայի ժողովրդին մեծահոգության համար, ինչպես նաև պատվել այն խիզախությունն ու անձնազոհությունը, որ ցուցաբերում էին առաջին գծում աշխատողներն ու կամավորներն այն ժամանակ և հիմա` կորոնավիրուսի այս համաճարակի օրերին»,- հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: