«Հեղափոխությունից հետո բարեփոխվելու շանսը չօգտագործած մարդիկ պետք է դուրս նետվեն պետական կառավարման համակարգից», - անդրադառնալով պետական համակարգի վիճակին՝ երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա միաժամանակ նշեց, որ վենդետաներ կամ կադրային ջարդ չի եղել և չի լինելու, ու թեև իրեն մեղադրում են «թավշյա» գործելակերպ ունենալու համար, իրենք ուժային և այլ մեթոդներով չեն փորձելու իշխանությունը պաշտպանել․ - «Մենք ասել ենք՝ վենդետաներ չեն լինելու, և շանս ենք տվել բոլորին։ Բայց հիմա էդ ժամանակը սպառվել ա։ Վենդետաների էլի չեն լինելու, կադրային ջարդ էլի չի լինելու, բայց պետական կառավարման համակարգը, ես դա անվանում եմ «Սերժի մնացորդներ», էդ Սերժի մնացորդներից պետք ա մաքրվի»։
Վարչապետը խոսեց նաև դատական համակարգի մասին՝ հայտարարելով․ - «Հիմա էլ գալիս ա էդ վնգստացող դատավորների հերթը, որոնք արդեն պետք ա վեշերները հավաքեն։ Հեսա Սահմանադրական դատարանի հերթը կգա, կոնորավիրուսային դատարանի, որոնք ժամանակ են շահում կորոնավիրուսի շնորհիվ։ Բոլորի հերթը գալու ա»։
Անդրադառնալով վարչապետի այս ելույթին՝ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենք վաղուց էին նախազգուշացնում, որ նախկին իշխանությունների հետ սերտ առնչություն ունեցող կադրերից նոր Կառավարությունը պետք է հրաժարվի։ Սակայն այդ ժամանակ իրենց լսող չեղավ, և հենց իրենք հայտնվեցին քննադատության տարափի տակ․ - «Մենք ժամանակին ասել ենք, որ մեր երկրում հայ ժողովրդի արգանդը ծնել է բազմաթիվ խելացի, հմուտ, լավ մարդկանց, ովքեր, այո, կարող ա չեն քայլել կամ չգիտեմ ինչ չեն արել, բայց լավ մասնագետներ են, էս մարդկանց ներգրավեք։ Եկել են, մի քանի նախարարի փոխել են, Սերժ Սարգսյանի երկրորդ էշելոնի կադրերին՝ փոխնախարարներին առաջ են քաշել առաջին էշելոն, դարձրել նախարարներ ու էս երկու տարի ա աշխատում են էդ ձևով։ Արդյունքն էն ա, ինչ որ ունեք։ Ու ամեն օր բողոքում են Սերժ Սարգսյանից։ Ժողովուրդ ջան, ձեր մոտ են էդ կադրերը, ազատվեք։ Ո՞ւմ վրա մուննաթ գալի։ Հրամանի գրիչն էլ ա ձեր ձեռը, հրամանի թուղթն էլ ա ձեր ձեռը, ստորագրեք, ազատեք»։
Մարուքյանի խոսքով, թավշյա, ոչ բռնի հեղափոխության սկզբունքներից իշխանությունը չպետք է հրաժարվի։ Նաև չպետք է արդարանա իրենցից այլ գործալակերպ ակնկալողների առջև։ Թավշից հրաժարվելու կոչեր անողներն ու բիրտ մեթոդների կողմնակիցները, Մարուքյանի կարծիքով, քաղաքական համակարգի թշնամիներն են․ - «Դրանք ուզում են իշխանության գրպանից ձայն գողանան՝ իբր թե ավելի հեղափոխական լինելով։ Որ այս սրանք չարին խոստումները․․․ Խոստումները պետք ա անել օրենքով, քաղաքական կամքով, ոչ թե բռնության ծեծով․․․ Էդ «թավիշ» բառից զահլես էլ ա գնում։ Խոսքը գնում է էստեղ իրավական մեթոդներով գործ անելու կամ գործ չանելու մասին»։
Ինչ վերաբերում է դատավորների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ապա «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով, Բարձրագույն դատական խորհուրդը պետք է արձագանքի․ - «Եթե կան էդպիսի դատավորներ, ուրեմն Բարձրագույն դատական խորհուրդը ունի գործառույթներ․ պետք է օր առաջ հեռացվեն այդ անձինք դատական համակարգից։ Եթե երկու տարի անցել է, ո՛չ Բարձրագույն դատական խորհուրդը, ո՛չ Արդարադատության նախարարությունը իր իրավասության շրջանակներում գործընթացների չի կազմակերպում, որպեսզի էդ դատավորներին հանեն ամբողջ դատական իշխանությունից և դատական համակարգից, ապա մենք էլի բավարար հիմքեր ունենք կասկածելու, որ այդ ամեն ինչը ասվում է պարզապես ասվելու համար։ Կա՛մ դատական իշխանությունը բուժեք, կա՛մ մի կոտրեք»։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, պետական համակարգը պետք է մաքրել ոչ-արհեստավարժ կարդերից․ - «Կարևոր չի, էդ պաշտոնյան Գյումրի - Երևան երթին մասնակցել է թե ոչ։ Էս առումով, այո, պետական ապարատում չպիտի լինեն դիլետանտներ։ Բայց եկեք լինենք անկեղծ․ «թավշյա» վելյուրով պաշտոնյաների մեջ այսօր հենց Կառավարությունում մենք տեսնում ենք բազմաթիվ ոչ պրոֆեսիոնալներ, պետական ապարատում մենք տեսնում ենք ոչ պրոֆեսիոնալներ, բազմաթիվ ոլորտներում մենք տեսնում ենք ոչ պրոֆեսիոնալներ։ Եվ այդ ոչ-պրոֆեսիոնալիզմի արդյունք էր նաև այդ միջադեպը ուղիղ եթերի հետ կապված։ Էնպես որ, պիտի ազատվել, այո, բոլոր դիլետանտներից, պիտի ազատվել նրանցից, ովքեր որևէ առնչություն չունեն իրենց վստահված ոլորտի հետ, որովհետև իրենք պատահականորեն ընկել են էդ ոլորտի գլխին և դառել են աղետ տվյալ ոլորտի համար։ Եվ էստեղ բացարձակապես կարևոր չէ պաշտոնյան «թավշյա» թե ոչ։