Մատչելիության հղումներ

Արքմենիկ Նիկողոսյան․ Գիրք կարդալու ամենագեղեցիկ ժամանակները հիմա են


Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը նոր կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության այս օրերին ինքնամեկուսացումը իրական հնարավորություն է համարում, որպեսզի մարդիկ լրացնեն տարիների ընթացքում այս կամ այն պատճառով բաց թողած ընթերցանության պահանջը։

«Կյանքը միայն հեռուստացույց դիտելը չի, ինտերնետներում պտտվելը չի, ֆեյսբուքներում գրառում անելը չի, և բնական է, շատ մարդկանց մոտ առաջ եկավ գիրք կարդալու պահանջմունք։ Սա մեկ։ Երկրորդը, ես մտածում եմ, որ մեր հասարակության մեջ, այնուամենայնիվ, շատ էն ընթերցասերները, որոնք հոգսերի մեջ, աշխատանքի բերումով, զբաղվածության բերումով տանը չլինելու պատճառով ժամանակ չեն ունեցել գիրք կարդան, և արտակարգ դրության այս պայմանները, մանավանդ տանը մնալու հորդորները հրաշալի առիթ էին կարդալ իրենց սիրելի գրքերը, որոնք էսքան տարի չէին կարդացել։ Ես անգամ մարդիկ գիտեմ, որոնք տարիներ շարունակ գրքեր են գնել, կուտակել են, որպեսզի մի գեղեցիկ օր կարդան, և ստացվել է, որ գիրք կարդալու ամենագեղեցիկ ժամանակները հիմա են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նիկողոսյանը։ - «Նույնը վերաբերում է նաև գրողներին, գրականագետներին, քննադատներին»։

Նա առանձնացրեց հետևյալ հանգամանքը․ - «Առաքում կազմակերպող գրեթե բոլոր կազմակերպություններն ասում են, որ այս օրերին ընթացքում գրքի պատվերներն ու առաքումները ավելացել են․․․ Ես կարծում եմ, որ երբ այս ամեն ինչից դուրս գանք, մարդկանց մեջ կամրագրվի այդ առաքման գաղափարը, և մարդիկ գիրք պատվիրելը կդարձնեն իրենց կենցաղավարության մի մաս»։

Նա ասաց, որ չի դադարեցրել իր շփումները երիտասարդ գրողների հետ․ - «Այս ընթացքում granish.org կայքը, որի հիմնադիրներից, խմբագիրներից մեկն էլ ես եմ, աշխատել է ամբողջ ծավալով, որպեսզի հատկապես երիտասարդ գրողների ստեղծագործությունները հրապարակվեն։ Բացի այդ, «Համակարգ» կենտրոնի հետ հնարավորություն ենք ստեղծել մեր և՛ գրողների, և՛ ընթերցողների, և՛ բոլոր այն մարդկանց համար, ովքեր սիրում են պատմություն պատմել, ստեղծել են decameron.am կայքը, որտեղ մարդիկ տարբեր պատմություններ են պատմում իրենց կյանքից, մենք դա հրապարակում են, և դառնում է դա լրացուցիչ ժամանցի միջոց։ Ես միշտ լավատես եմ իմ էությամբ։ Անգամ էս օրերին, երբ համավարակ է, ես մարդկանց կոչ եմ անում ամեն ինչ մեջ ոչ թե փնտրել լավը, այլ իսկապես տեսնել լավը։ Ես վստահ եմ, որ այս համավարակից մարդկությունը դուրս կգա հոգեբանորեն լավագույն արդյունքներով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG