Մատչելիության հղումներ

«Հուշարձանների պահպանման համար և՛ հանրությունը գործ ունի անելու, և՛ պետությունը». ԿԳՄՍ փոխնախարար


1983 թվականից ապրիլի 18-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Հուշարձանների պահպանության միջազգային օր՝ նպատակ ունենալով այդ օրը բազմաթիվ երկրներում կազմակերպվող ամենատարբեր միջոցառումների շնորհիվ էլ ավելի օժանդակել համաշխարհային պատմամշակութային ժառանգության պահպանությանը, նաև, իհարկե, մեծացնել հանրության տեղեկացվածությունը տվյալ երկրում գտնվող պատմամշակութային հուշարձանների մասին:

Հայաստանում ավելի քան 24 հազար պատմամշակութային հուշարձան կա: Ամեն տարի այս օրը Հայաստանում ևս ամենատարաբնույթ միջոցառումներ էին կազմակերպվում, բայց այս տարին բացառություն է թե՛ Հայաստանում, թե՛ ողջ աշխարհում՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Նարինե Թուխիկյանը «Ազատության» հետ զրույցի ընթացքում շեշտեց, որ հուշարձանների պահպանության առումով մեծ անելիք կա թե՛ իշխանությունների, թե՛ ողջ հանրության կողմից առհասարակ:

«Նախ շնորհավորում եմ հուշարձանների տոնի հետ կապված: Ես շատ կուզենամ, որ այս օրը հիշեցում լինի բոլորիս, որ մենք աչքի լույսի պես պետք է պահպանենք, փայփայենք մեր հուշարձանները: Հուշարձանների պահպանման համար և՛ հանրությունը գործ ունի անելու, և՛ պետությունը գործ ունի անելու, և՛ մասնավոր հատվածը գործ ունի անելու՝ զուտ ֆինանսական օժանդակությամբ», - ասաց Թուխիկյանը:

Փոխնախարարը նշեց, որ Հայաստանում շատ են վատ վիճակում գտնվող հուշարձանները:

«Շատ մեծ նշանակություն ունի, թե յուրաքանչյուր քաղաքացի, համայնքի յուրաքանչյուր բնակիչ ինչպիսի խանդաղատանքով կարող է վերաբերվել իր տարածքի հուշարձանին, և ինչպես մեծահարուստները կարող են ներդրում անել հուշարձանների փրկության համար», - ասաց Նարինե Թուխիկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG