Կառավարությունում այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվել է փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման և զարգացման հայեցակարգը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձել է փոստային օպերատորի կառավարման մոդելին, առկա միջազգային փորձին, ներկայացրել այս նպատակով նախորդ նոյեմբերին վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ թեմայի առնչությամբ քննարկման առարկա են դարձել «Հայփոստ» ՓԲԸ հետագա կառավարման մոդելին, մատուցվող ծառայությունների շրջանակին, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանը, արդիականացմանը, թվային օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է առաջիկայում ներկայացնել «Հայփոստ» ՓԲԸ կառավարման մոդելի ընտրության կոնկրետ տարբերակներ՝ հաշվի առնելով քննարկված հարցերի շրջանակը և ներկայացված առաջարկները: