Մատչելիության հղումներ

Այսօր Հայ կինոյի օրն է


Ճիշտ մեկ տարի առաջ Ազգային ժողովը ապրիլի 16-ը հռչակեց հայ կինոյի օր:

Արտակարգ դրության այս օրերին, բնականաբար, Հայ կինոյի օրվա առիթով հանդիսություններ, հանդիպումներ տեղի
չեն ունենա, բայց փաստ է նաև, որ կինոգործիչներից շատերը ինքնամեկուսացման այս ժամանակաշրջանը զուր տեղը
չեն վատնում:

«Ազատությունը» զրուցել է երիտասարդ ռեժիսոր, արդեն իսկ մի քանի վավերագրական ֆիլմի հեղինակ, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր, նաև մի շարք միջազգային կինոփառատոներում տարբեր
մրցանակների արժանացած Մանե Բաղդասարյանը: Մի քանի ամիս առաջ արդեն նա սկսել էր իր նոր՝
«Երազներ» խորագրով վավերագրական ֆիլմի նկարահանման աշխատանքները, որոնք, սակայն, ընդհատվել են արտակարգ դրության այս օրերին:

«Ինչ վերաբերում է կոնկրետ իմ ֆիլմին, դեռևս նկարահանումները չեն ավարտվել։ Ես մոնտաժ եմ անում տանը և, կարելի է ասել, այդ ժամանակը սցենարը գրելու վրա եմ օգտագործում, մշակում են այն, ինչը որ կիսատ եմ թողել», - նշեց նա։

Ի պատասխան հարցին, թե ինչով են զբաղվում իր գործընկերներն այս օրերին, Բաղդասարյանն ասաց․ - «Իմ ճանաչած կինոգործիչները կինոյի տարածման մի շարք նախաձեռնություններ են անում օնլայն հարթակներում, ու հիմնական մասը սցենար գրելն է։ Բայց պետք է ասեմ, որ ոչ միշտ կարող է ստացվել։ Եթե մեկուսացված ենք, էլի չի նշանակում, որ ամբողջ օրը կարող ես սցենար գրել։ Որովհետև երբ որ մարդ տնից դուրս չի գալիս, չի տեսնում, չի շփվում, չի հաղորդակցվում արտաքին աշխարհի հետ, սցենար գրելու մոտիվացիան նույնպես հետ է մղվում, որովհետև ամեն օր մի նոր բան տեսնելով ես դու միտք ունենում գրելու։ Եվ ի վերջո մեր աշխատանքը ուղղակիորեն աշխարհի հետ է կապված»։

Մանե Բաղդասարյան
Մանե Բաղդասարյան


Իսկ հարցին, թե հնարավոր է, որ ֆիլմ նկարահանի հենց այս օրերի մասին, երիտասարդ ռեժիսորն արձագանքեց․ - «Ասեմ, որ կամա թե ակամա վերջին ֆիլմում կա այդպիսի դրվագ։ Քանի որ ստացվեց այսպես, իմ հերոսը, իհարկե, մեկուսացվեց․․․ այսինքն՝ հենց կարծես մեր մասին է, որ մարդ, ով ստեղծագործում է, այս պահին մեկուսացված է։ Եվ այդ դրվագը անպայման տեղ կգտնի ֆիլմում, որովհետև եթե դու վավերագրող ես և նկարում ես այս պահի մասին, դու չես կարողանում խուսափել դրանից, ակամայից այդ ժամանակն արտացոլվում է վավերագրական կինոյում։ Այս ֆիլմում փորձում ենք մտնել առաջին, երկրորդ, երրորդ կուրսեցու հոգեբանության մեջ։ Այդ տարիքի բոլոր մարդկանց է վերաբերում, ովքեր ընդհանրապես ստեղծագործելու մեջ ունենում են հիասթափություններ, առաջընթացներ, հաղթանակներ»։

Մանե Բաղդասարյանը մի ուշագրավ փաստ նշեց․ - «Կորոնավիրուսի մասին ընդհանրապես խոսք չկար, բայց իմ հերոսը միշտ դիմակով էր շրջում։ Ես հարցնում էի՝ ինչո՞ւ ես դիմակով, ինքը ասում էր, որ իրեն ուղղակի դուր է գալիս լինել դիմակով։ Այսօր որ նայում եմ կադրերը, կարծես թե այսօրվա նկարած լինի, բայց ես անցյալ տարվա ամառվանից նկարել եմ»։

Զրույցի վերջում Բաղդասարյանն ասաց․ - «Պետք է միշտ լինել ռիթմի մեջ ու ամեն պահը վայելել։ Անգամ եթե տանն ես, ստեղծել մի փոքր աշխարհ քեզ համար, որտեղ կլինի խաղահրապարակ, ինչպես սովորական կյանքում, որտեղ կլինի թատրոն, կինո, գրականություն։ Եվ ունենալ հստակ օրվա ռեժիմ։ Կարծում եմ, դա է փրկում և մեզ ավելորդ ստրեսերից ազատում»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG