Մոտ 20 վայրկյան տևողությամբ շարժվող ծաղրանկարները ստեղծվել են կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով: «Մեդիալաբ»-ը, որը զբաղվում է քաղաքական ծաղրանկարներով, դեռ ամիսներ առաջ էր մտադիր շարժվող քաղաքական ծաղրանկարներ ստեղծել, սակայն համաճարակի սկսվելուց հետո մոտեցումը փոխվեց. սկսեցին արձագանքել ստեղծված իրավիճակին՝ ուժերը կենտրոնացնելով կորոնավիրուսի դեմ պայքարի վրա:
«Որոշեցինք, որ պիտի շարժենք այն ծաղրանկարները, որոնք մարդկանց կոնկրետ ուղերձ են հղելու, կոնկրետ օգնելու են հասկանալ, պատկերացնել էս ամբողջ իրավիճակի լրջությունը, և փոխեցինք, այսպես ասած, մեր ուղղությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Մեդիալաբ»-ի տնօրեն Մարիաննա Գրիգորյանը:
Շարժվող ծաղրանկարներն ունեն #խուսափիրմարդաշատվայրերից, #մնատանը, #ինքնամեկուսացում հեշթեգերը:
Ծաղրանկարները մտացածին չեն, նշում է «Մեդիալաբ»-ի տնօրենը, դրանք անգամ արտակարգ դրության ժամանակ տեղի ունեցող դեպքերն են. - «Շարժվող ծաղրանկարներից մեկը հենց այդ մասին է՝ տարեց մարդկանց մասին, որոնք դրսում նարդի են խաղում, և նարդու էդ խաղին մասնակցում են նաև կորոնավիրուսները: Եթե դրան տալիս ենք շարժ, տալիս ենք ուղերձ և նաև տալիս ենք մեր հայկական էդ կոլորիտին հատուկ գույները, տրամադրությունները, դա կարող է ունենալ հաջողություն: Եվ, օրինակ, այդ շարժվող ծաղրանկարի տակ բազմաթիվ մարդիկ մեկնաբանություններ էին թողել և նշել էին, բոլորը ասում էին՝ «սա մեր բակն է», «սա հաստատ մեր բակն է», այսինքն՝ մեր իրականությունից չկտրված պահեր ենք ֆիքսում և փորձում ենք նաև ուղերձների միջոցով դա մարդկանց հասցնել՝ ինչու մեկուսանալ, ինչու լինել զգույշ, և ինչ է նշանակում այս ամբողջ միջոցառումների շարքը, որը ամբողջ աշխարհը կիրառում է»:
Մարիաննա Գրիգորյանը նշում է՝ թեև առաջին անգամն է, երբ շարժվող ծաղրանկարներ են ստեղծում, սակայն արդեն իսկ դրանք մեծ տարածում են ունեցել, գրանցել ավելի քան 100 հազար դիտում:
«Երբ դու կարողանում ես ծաղրանկարի էդ գրավիչ ոճը և էդ շարժվող ծաղրանկարի հնարավորությունները օգտագործել մարդկանց իրազեկելու համար, հույս ունեմ՝ մենք ինչ-որ առումով կարողանում ենք մարդկանց համոզել՝ ինչու մնալ տանը, կամ ինչու հետևել այդ միջոցառումներին, որոնք ամբողջ աշխարհում կիրառվում են», - շեշտեց «Մեդիալաբ»-ի տնօրենը: