Մատչելիության հղումներ

«Բոլորս լավ ենք զգում». Իսրայելից Հայաստան վերադարձած 9 ուսանողները մեկուսացած են


Իսրայելում Գիվատ Խավիվա միջազգային դպրոցի 14 օր կարանտինի մեջ հայտնված հայաստանցի ութ ուսանողներ և մեկ ուսանողուհի Քֆար Հայարոկում գտնվող EMIS կրթօջախից ուրբաթ օրը հասան Հայաստան:

«Վրաստանի կողմից թռիչք է կազմակերպվել, Հայաստանի ԱԳՆ-ն խնդրել է Վրաստանին, որ մեզ նույնպես տեղափոխի դեպի Վրաստան: Բոլոր ինը աշակերտներս Իսրայելից եկել ենք Թբիլիսի չվերթով, ինչպես նաև մեզ հետ եղել են Վրաստանի այլ քաղաքացիներ, իսկ Թբիլիսիից մեքենաներով եկել ենք Դիլիջան ու Դիլիջանում հիմա գտնվում ենք կարանտինի մեջ»,- «Ազատությանը» փոխանցեց Գիվատ Խավիվա միջազգային դպրոցի ուսանող, գյումրեցի 18-ամյա Գրիգոր Պետրոսյանը:

Դիլիջանի հյուրատներից մեկում գտնվող հայ ուսանողի խոսքով` այս պահին դեռ բուժզննում չեն անցել.- «Տաքություն չափել դեռ չի եղել, ստուգումներ դեռ չեն եղել: Բոլորս լավ ենք զգում, ջերմություն չափել մենակ եղել է Թբիլիսիի օդանավակայանում, ինչպես նաև հետո Հայաստանի սահմանն անցնելիս»:

Համավարակի պատճառով ուսումը վերջացրել են սպասվածից երկուսուկես ամիս շուտ ու մինչև ապրիլի 7-ը հրեական զատիկի՝ պեսախի օրը գտնվելով կարանտինի մեջ շարունակել են համացանցային հեռակա ուսուցումը կրթօջախում: Գրիգորը հետ է վերադառնալու Իսրայել սեպտեմբերին՝ ուսումը շարունակելու համար, նշում է` շնորհակալ են ԱԳՆ-ին ու Իսրայելում ՀՀ դեսպանին բարեհաջող հայրենիք վերադառնալու համար:

Իսրայելում գտնվող ոչ բոլոր ուսանողներն ու ասպիրանտներն էին, սակայն, դիմել կառավարությանը՝ Հայաստան տեղափոխվելու համար: Դավիթ Բեն Գուրիոնի անվան Բեեր Շևայի համալսարանի Երկրաբանության ֆակուլտետի ասպիրանտ Խորեն Ավետիսյանը մնացել է քաղաքում և շարունակում է հեռակա ուսուցումը:

«Բոլոր դասավանդումները կատարվում են օնլայն կերպով, իսկ փորձերը ինչ կապված է փորձերի հետ, մարդիկ դադարեցրել են ժամանակավոր, հիմնականում զբաղվում են տնային պայմաններում, եթե հնարավոր է կոմպյուտերներով գործ անել, տվյալները վերամշակել, զբաղվում են դրանով: Համալսարանում աշխատում են ադմինիստրատիվ աշխատողները, ուսանողներին չի թույլատրվում մտնել համալսարան, աշխատել»,- պատմեց նա:

Ինչ վերաբերում է երկրի հարավային ու ժամանակ առ ժամանակ հրթիռահարումների տակ հայտնվող այս քաղաքի բնակիչներին ու մասնավորաբար հայերին, ապա Խորեն Ավետիսյանը նկատեց.- «Քաղաքում վիճակը ընդհանուր նորմալ է, մարդիկ դուրս են գալիս մենակ խանութի կամ հիվանդանոց, դեղերի հետևից գնալու կամ ինչ-որ մեկին օգնելու համար, հիմնականում բոլորը տանն են: Ճիշտն ասած` շփում կա մոտ 5-6 ընտանիքի հետ: Մի մասին տեղյակ եմ, որ չեն աշխատում, մյուսները որոշ օրեր գնում են աշխատանքի, որոշ օրեր` չէ: 100 մետր տնից հեռու չի կարելի դուրս գալ ու, 2 մետր տարածություն պետք է պահել»:

Իսրայելում այսօր ըստ իշխանությունների` իրավիճակը դեռ կառավարելի է: Երկիրն ավելի քան 3 շաբաթ գտնվում է կարանտինի մեջ: Այս պահի դրությամբ պաշտոնապես գրանցվել է վարակի 10 հազար 878 դեպք, մահացել է 103 մարդ: Ծայրահեղ ծանր վիճակում են 123-ը, ծանր` 174 քաղաքացի:

Իսրայելն արդեն հիվանդների թվի աճին զուգահեռ բերում է նաև գործազրկության ցուցանիշները: Այսպես, մոտ 3 շաբաթվա ընթացքում գործազուրկ է դարձել 1 միլիոն 59 հազար 429 մարդ կամ բնակչության արդեն 25.33 տոկոսը: Եթե հաշվի առնենք, որ երկրում կա նաև արաբական բնակչություն և ծայրահեղ կրոնական ու չաշխատող հրեաներ, ապա ըստ վերլուծաբանների` հարցականի տակ է մնում կարանտինից դուրս գալուց հետո այս մարդկանց աշխատանքի վերադառնալու հարցը:

Տնտեսական լուրջ հիմնախնդիրների ու կարանտինի պատճառով օրեր առաջ Պետախ Տիկվայում հայկական «Նաիրի» միության նախաձեռնությամբ ստեղծվեց օպերատիվ շտաբ: Ոչ միայն պատերազմների ժամանակ, այլև այժմ միությունը «Նոյան Տապան» կազմակերպության հետ որոշել է հնարավորինս աջակցել քաղաքում բնակվող հայ թոշակառուներին ու ծանր վիճակում հայտնված ընտանիքներին:

XS
SM
MD
LG