Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի շուրջ ստեղծվում են միֆեր ու դավադրության տեսություններ՝ սոխից մինչև չիպավորում


Աշխարհում նոր կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ, ըստ մասնագետների, արագությամբ տարածվում են նաև տարբեր դավադրության տեսություններ ու միֆեր հիվանդության մասին։ Ամենապարզերից է՝ տնական միջոցներով իմունիտետն ուժեղացնելն ու այդպիսով չվարակվելը։

«Բնականաբար, առաջին միֆերը, որը ռեալ իրենց ազդեցությունն ունեցան, իրենց տեղը գտան, սննդակարգերի հետ կապված էր՝ «եթե հիմնական խնդիրն իմունային համակարգն է, եկեք ինչ-որ ձևով լավացնենք», իսկ ի՞նչ լավացնելու տնական տարբերակներ գիտենք՝ կոճապղպեղ, կիտրոն, սոխ, սխտոր, նմանատիպ բաներ: Էդ միֆերը ռեալ դարձան, երբ նկատեցինք գների կտրուկ թանկացում», - ասաց բժիշկ իմունոլոգ Սևան Իրիցյանը:

Սևան Իրիցյանը նկատում է՝ ուժեղ իմունիտետ հնարավոր է ունենալ, իսկ դրան կարելի է հասնել ոչ թե մեկ ամսում, այլ շարունակական ու տևական գործողությունների միջոցով՝ առողջ սնվելով ու մարզվելով։

«Խորհուրդ, թե ինչպես վերջապես անցնել առողջ ապրելակերպի, ուղղակի սկսեք հիմա ու դա պահպանեք ամբողջ կյանքի ընթացքում, ոչ թե միայն էս կարճ օրերին», - ասաց բժիշկը:

Սննդի որոշ տեսակների բարերար ազդեցության չափազանցումից վտանգավոր բժիշկ Իրիցյանը համարում է կորոնավիրուսի պանդեմիան որպես առիթ օգտագործելը՝ պատվաստումներին դեմ շարժումներին նոր թափ հաղորդելու համար։ Թեև դեռևս գոյություն չունի նոր կորոնավիրուսի պատվաստանյութ, բայց վարակն արդեն անտիվաքսերի ուշադրության կենտրոնում է։

«Նոր առասպելներ, նոր մարազմի հասնող տեսություններ սկսեցին առաջանալ ու շրջանառվել, մասնավորապես, հեղուկ չիպերի մասին, հատուկ մտածված ինչ-որ խնդիրների մասին, որ պլանավորված էր սա, որպեսզի հետո պատվաստանյութ ստեղծվի և այլ: Չլինելով որևէ կենսաբանության հետ կապված ոլորտի մասնագետ, կարող են մասնագետների հետ վիճել, փորձել վկայակոչել ինչ-որ կայքեր արևմտյան», - նշեց Սևան Իրիցյանը:

Мedia.am կայքի լրագրող Կարինե Ղազարյանը փորձել է մեկ հոդվածում ի մի բերել, թե ինչ են քննարկում Ֆեյսբուքում պատվաստումներին դեմ արտահայտվող խմբերն ու օգտատերերը կորոնավիրուսի մասին։ Լրագրողը նկատել է՝ շարժմանն անգամ միացել են որոշ բժիշկներ: Նրանցից մեկը նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանն է, ով տարիներ առաջ ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանի հիմնադրած «Երկիր Ծիրանի» կուսակցություն​ից էր, ապա հեռացավ։

«Հիմա էս հակապատվաստումային արշավի արդյունքում, սրանք մտածեցին ինչ անեն, ինչ չանեն և որոշեցին համաճարակի իմիտացիա անեն, որովհետև այս ամբողջը, ես արդեն համոզված եմ, որ ֆեյք համաճարակ է՝ ահ ու սարսափ տարածելու նպատակով», - նշել է Խաչատրյանը:

Հայաստանյան անտիվաքսերի ֆեյսբուքյան էջերը, ինչպես նաև այս օրերին տարածվող դավադրությունների տեսություններն ուսումնասիրած լրագրողի խոսքով, Հայաստանում և ողջ աշխարհում տարածված պատումներից մեկն այն է, թե աշխարհում կան մի խումբ չար և զորեղ մարդիկ, որոնք ցանկանում են տոտալիտար իշխանություն հաստատել և մարդկանց կյանքերը կառավարել։ Այս տեսությունն այժմ հարմարացվել է կորոնավիրուսի պանդեմիային։

«Երբ որ կորոնավիրուսի համավարակը սկսվեց, տարբեր հետազոտողներ կանխատեսում էին, որ կունենանք դավադրության տեսությունների այդպիսի աննախադեպ աճ, նոր թափով կտարածվեն դրանք, և այդպես էլ եղավ՝ Հայաստանում նույնպես, ինչպես աշխարհի տարբեր երկրներում: Ըստ այդ դավադրության տեսության, կորոնավիրուսի համավարակը կազմակերպված համավարակ է և դրա նպատակը այն է, որպեսզի պատվաստումները տարբեր երկրներում դարձնեն պարտադիր», - ընդգծեց լրագրողը:

Վերջին շրջանում ավելի հանրահայտ դարձած New World Order՝ «Նոր աշխարհակարգ» դավադրության տեսության համաձայն՝ տարբեր գործողություններով նախկինում այդպես էլ հաջողության չհասած աշխարհը ղեկավարել փորձող, գաղտնի, հզոր ու հարուստ գլոբալիստների խումբը ստեղծել ու տարածում է կորոնավիրուսը՝ ի վերջո մարդկանց պատվաստելու ու դրա անվան տակ չիպավորելու նպատակով։

Կարինե Ղազարյանի խոսքով՝ այս մասին պատումները քիչ չեն նաև հայկական Ֆեյսբուքում և տարածվում են ոչ միայն հանրությանն անհայտ, այլև հայտնի մարդկանց կողմից։

«Օրինակ՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետը մի լրատվամիջոցի տված երկար հարցազրույցի ժամանակ 40 րոպե խոսում էր նրա մասին, որ սա պատահական չի, և Բիլ Գեյթսը ստեղծել է այս ամեն ինչը, որպեսզի մեզ ճնշի, դարձնի համաշխարհային չար ուժերի կառավարած պետությունների խամաճիկներ», - նշեց Ղազարյանը:

Հայտնի դավադրության տեսություններն, այսպես ասած, ապացուցել փորձող տեսանյութերն ու լայվերը երբեմն հազարավոր դիտումներ ունեն սոցցանցերում: Այդպիսի մի օգտատիրոջ հանդիպեցինք Ֆեյսբուքում, նա մի քանի մասերից բաղկացած լայվերով ցանկանում է «բացել մարդկանց աչքերը», ու ապացուցել, որ ինքը ոչ թե հայտնի դավադրության տեսության հետևորդ է, այլ սեփական հետազոտություն է արել ու պարզել, թե կեղծ համավարակի տարածման վերջնական նպատակը մարդկանց չիպավորելն ու վերահսկելն է։

«Ես չգիտեմ՝ վակցինացիան գլխաքանակը կրճատելու միջո՞ց է միայն, թե՞ դրա ժամանակ կարող են նաև չիպավորել, այսինքն հեղուկ չիպի միջոցով մարդկանց ստրկացնել և այլն: Ես այս ամեն ինչը, որ խոսում եմ, ֆանտաստիկ կարող է թվալ շատերի համար, բայց ես ապացույցները բոլոր բերում եմ», - ասաց օգտատերը:

Մամուլի հոդվածներ ու հրապարակումներ աղավաղող, երբեմն պարզապես աղբյուրներ չնշող ու եզրահանգումների եկող այս օգտատիրոջ տեսանյութը, որտեղ նաև պնդում կա, թե «Շվեդիայում կարանտինի կարիք չկա, որովհետև մարդիկ արդեն չիպավորված են», ֆեյսբուքյան իր էջում կիսել էր նաև ՏՏ ոլորտի հայտնի փորձագետ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ղեկավար Կարեն Վարդանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG