Մատչելիության հղումներ

Վանաձորում բանկերի դիմաց կուտակումներ են


Վանաձորի փողոցներում եռուզեռ է։ Բանկերի դիմաց կուտակումներ են։ Վարկերի վճարման օրերին բանկերի ոչ միայն վանաձորցի, այլ նաև հարակից գյուղերի հաճախորդներն են գալիս՝ վճարումներ անելու։

Մարդիկ եկել են կոմունալ վճարումները կատարելու, վարկերի սպասարկման տոկոսները մուծելու։ Ասում են, որ բանկից զանգում, հիշեցնում են, որ մուծումներ ունեն կատարելու։

Հաճախորդները մեծամասամբ դիմակներ ու ձեռնոցներ չունեին։ Բանկի մուտքերին ցուցումներ կային սոցիալական հեռավորությունը պահելու և ձեռքերն ախտահանելու մասին, բայց հաճախորդները ոչ միշտ էին պահպանում դրանք։

Վանաձորում այսօր կուտակումներ կային նաև շուկայում ու հատկապես լավաշի թխման կետերի դիմաց։ Գնորդներն ասում էին՝ Զատիկի են պատրաստվում։

Սուսաննա Խառատյանը Մարգահովիտ գյուղից էր Վանաձոր եկել։ Ասաց Զատկի տոնից հետո մեռելոցի արարողությանն են պատրաստվում։ Մարգահովիտում խանութները քիչ են, ապրանքն էլ՝ անհամեմատ՝թանկ։ Եկել է մարզկենտրոնից սնունդ տանելու․ - «Լավաշ եմ առնում, Զատիկն ա, մեռելոցը պետք ա նշենք։ Քիչ մարդ ա գալու, սկի թաղման ժամանակ են քիչ էղել, մոտիկ բարեկամներով։ Շատերը խուսափեցին գան»։

Քաղաքի տարբեր հատվածներում առանց պաշտպանիչ դիմակների շրջող մարդիկ ասացին, թե մտահոգվելու բան չունեն, առողջ են, առողջության հետ կապված բողոքներ չկան։

«Մենք արդեն գլխի չենք՝ դիմակ դնելը․․․ մոտս դրած ա, ձեռնոցներն էլ ա դրած։ Մեկն ասում ա՝ դա իմաստ չունի, մեկն ասում ա՝ իմաստ ունի։ Դե արի հասկացի որ մեկին լսես, ինչ անես», - ասաց նրանցից մեկը։

Վանաձորի Ջունգլիներ կոչվող թաղամասի բնակիչ է Գուրգեն Մաթևոսյանը։ Ասաց՝ տնից ըստ անհրաժեշտության է դուրս գալիս։ Բայց կորոնավիրուսի տարածումից առաջ էլ, առանձնապես, դուրս գալու առիթները նույնն էին․ - «Խանութ եմ գնում, հաց եմ առնում, ունելիք եմ առնում, մեկ էլ պառվի համար դեղ եմ առնում։ Ուր վերջ։ Տանից դուս չեմ գա մինչև իրիկունը քնելը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG