Մատչելիության հղումներ

Դատախազությունում ՔԱԿ-ի պաշտոնյաներին առնչվող երկու քրեական գործ կա


Ինչպես հայտնեցին Գլխավոր դատախազությունից, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պաշտոնյաներին առնչվող միանգամից երկու քրեական գործ կա հարուցված։

Ըստ դրանցից առաջինի, կոմիտեի որոշ պաշտոնյաներ իրենց դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, իսկ ավիաուսումնական կենտրոնի որոշ ծառայողներ խախտումներով գնումների գործընթաց են կազմակերպել, նաև օդանավի անհիմն վարձակալության գներ են սահմանել, ինչի հետևանքով պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս է պատճառվել։ Թե որ թվականներին են կատարվել ենթադրյալ չարաշահումները, դատախազությունը չի մանրամասնում։

Մյուս քրեական գործը 2016-2019 թվականների ընթացքում պաշտոնական փաստաթղթերում կեղծիք կատարելուն է առնչվում։

Քաղավիացիայի կոմիտեում Պետական վերահսկողական ծառայությունն էր ուսումնասիրություններ անցկացրել ու հայտնաբերել, որ առկա են թերություններ օդանավ շահագործողների վկայականների տրամադրման ընթացակարգերում։ Մասնավորապես՝ «Տարոն ավիա»-ում։ Ընկերությունը դիմել էր Եվրամիութան ավիացիոն անվտանգության գործակալություն դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար։ Գործակալության մասնագետները եկել էին Հայաստան ու խնդիրներ հայտնաբերել։

Պետական վերահսկողական ծառայության մամուլի խոսնակ Սեդա Աղբալյան․ - «Ինչ-ինչ պատճառներով «Մալբրի» համակարգում փաստաթղթաշրջանառությունը, եվրոպական գործակալության նամակները չեն երևացել»։

Պետական վերահսկողական ծառայությունից հայտնում են, որ Քաղավիացիայի կոմիտեի նախագահին զեկուցել են, իբր աուդիտի մասով առանձնապես շատ խնդիրներ չեն եղել։

Այս հարցին Կապանի ասուլիսի ընթացքում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր անդրադարձել՝ ասելով, որ ազգային անվտանգության նշանակության հարցերը չեն զեկուցվել Քաղավիացիայի կոմիտեի նախագահին․ - «Եվ թող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները իմանան, որ այս փոփոխությունները կոնկրետ ավիացիայի ոլորտում տեղի են ունեցել ի հեճուկս էդ ոլորտի պաշտոնական շրջանակների և նրանց շրջապատող մասնագիտական շրջանակների։ Ինչով կարեցել են խանգարել են, ինչով կարեցել են վարկաբեկել են»։

1993-1996 թվականներին քաղավիացիայի ոլորտի պատասխանատու Շահեն Պետրոսյանը համոզված է, որ օդանավերի շահագործման վկայականները ոչ օրինական եղանակով են տրվել․ - «Շահագործման էդ արտոնագիրը, բաները․․․ սաղ կաշառքով ա եղել նախկին վարչության անդամների կողմից։ Հիմա էդ գործերը բացվել են։ Գուցե դրա հետ է կապված։ Միգուցե դրա հետ է կապված»։

Օրերս նաև լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, ինչը կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը որակեց ապատեղեկատվություն՝ պնդելով, որ միայն երկու տեղական ավիաընկերություններ են ժամանակավորապես զրկվել դեպի Եվրոպա չվերթների իրավունքից։

Երկու օր առաջ պաշտոնից ազատվեց վարչապետի ավիացիայի գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանը։ Ըստ վերջինիս, պատճառը ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները: Հաջորդ օրը նա հրավիրվել էր ԱԱԾ, իսկ այսօր Ճաղարյանը հրաժարվեց մեկնաբանություններից։

Շահեն Պետրոսյանը համարում է, որ դաշտում խնդիրներերը նոր չեն, դրանք ժառանգվել են նախորդ իշխանություններից․ - «Ստեղծվել է շատ վաղուց՝ 1998, երբ «Հայկական ավիաուղիները» Ռոբերտ Քոչարյանն ուղղակի վերացրեց, իսկ շարունակությունը եղավ Սերժ Սարգսյանի կողմից, արդեն «Արմավիան»​, հետագայում էդ բաց երկնքի քաղաքականությունը․․․ և տենց վերացվեց ընդհանրապես»։

Պետրոսյանը միևնույն ժամանակ պնդում է, որ կոմիտեի նոր ղեկավարությունն էլ իր հերթին է թերացել աշխատանքում․ - «ՔԱԿ-ի քաղաքականության բացասականը նրանումն է, որ հետամուտ չի եղել, թե նախկինում ինչեր է արվել, չի բարձրաձայնել այդ խնդիրները կամ չի տիրապետում ներհայաստանյան այդ իրադարձություններին»։

Նա ոլորտի գլխավոր խնդիրներից մեկը համարում է Հայաստանում շահագործման թույլտվություն ստացած, սակայն Աֆրիկայում, մասնավորապես հակամարտությունների գոտիներում թռիչքներ իրականանցնող ավիաընկերությունների գոյությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս խնդրին երկուշաբթի օրը օգտատերերի հետ հարցուպատասխանի ընթացքում էր անդրադարձել․ - «Աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության մեջ, զենքերի վաճառքի մեջ և այլն, և այլն։ Եվ դա կապ ա ունեցել հայաստանյան շատ ենթադրաբար կոռումպացված շրջանակների հետ Եվ երբ որ երկար տարիներ այդ ամեն ինչը թաքցվել է․․․»

Աֆրիկայան տարբեր երկրներում տարբեր տարիներին հայկական գրանցում ունեցող օդանավերի շահագործման մասին լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ են արվել։ «Հետք»-ը պարզել էլ, որ Աֆրիկայում թռիչքներ իրականանցող ընկերություններից մի քանիսը պաշտոնայների հետ են կապված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG