Մատչելիության հղումներ

Անհրաժեշտ է ապահովել ազատ առևտրի ռեժիմի անխափան գործունեությունը ԵԱՏՄ շրջանակներում. վարչապետ


Պետք է պատրաստ լինենք օգտվել հետճգնաժամային շրջանում ի հայտ եկող տնտեսական հնարավորություններից: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հոտ կապերի վարչությունը հայտնում է, որ իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է՝ չնայած դժվարին ժամանակներին՝ պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի կազմակերպությունը ոչ մի վայրկյան չընդհատի իր աշխատանքի առօրյա ռիթմը:

Այս կապակցությամբ, Նիկոլ Փաշինյանը ողջունել է նման ձևաչափով բոլոր մակարդակներում հանդիպումների անցկացումը և գործընկերների հետ կիսվել Հայաստանում Covid-19 համավարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ:

Հայաստանի վարչապետը նշել է. «Համավարակի դեմ պայքարում մենք համագործակցում ենք մեր հիմնական միջազգային գործընկերների հետ։ Եվ օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ռուս գործընկերներին` օպերատիվ օգնության և արդյունավետ փոխգործակցության համար։ Այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ Հայաստանը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում աջակցել և հնարավորինս օգնել ԵԱՏՄ իր գործընկերներին: Վստահ եմ, որ ԵԱՏՄ-ում մենք պարտավոր ենք համաձայնեցնել մեր ջանքերը համավարակի դեմ պայքարում»։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը վերջերս 10 ծրագրերից բաղկացած միջոցառումների փաթեթ է ընդունել՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքներն ինչպես բնակչության, այնպես էլ երկրի բիզնեսի համար մեղմելու նպատակով:

«Մենք ավելի քան 50 մլն դոլար ենք հատկացրել բնակչության առավել խոցելի խավերի կարիքների համար, նույնքան էլ՝ մասնավոր հատվածին աջակցության համար», - ասել է վարչապետը՝ շարունակելով, - «ՀՀ կառավարությունը նաև միջոցներ է ձեռնարկում տնտեսության խթանման և ճգնաժամային ծանր երևույթների հաղթահարման ուղղությամբ, որոնց առաջացումն արդեն ոչ ոք կասկածի տակ չի դնում: Այո, դժբախտաբար, մենք գտնվում ենք անմիջապես ռեցեսիայի շեմին։ Ըստ ամենայնի, այն այլևս անխուսափելի է։ Ավելին, ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի այդ ճգնաժամի սցենարը։ Որքա՞ն կտևի պանդեմիան: Արդյո՞ք այն ապագայում կունենա ռեցիդիվ: Որքա՞ն խորը կլինի ճգնաժամը, և ինչպիսի՞ն կլինի համաշխարհային տնտեսության վարքն այդ պայմաններում»:

Նիկոլ Փաշինյանը ասել է, որ ստեղծված աննախադեպ պայմաններում նախևառաջ անհրաժեշտ է ապահովել ազատ առևտրի ռեժիմի անխափան գործունեությունը ԵԱՏՄ շրջանակներում։ Անթույլատրելի է ԵԱՏՄ ներսում ապրանքների և ծառայությունների տեղաշարժի սահմանափակումը նույնիսկ համավարակի պայմաններում։

Վարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ի հետ անխափան բեռնատար տրանսպորտային կապն այսօր առաջնային նշանակություն է ձեռք բերել Հայաստանի համար:

«Ռուս-վրացական սահմանն այս առումով մեզ համար կենսական, ռազմավարական նշանակություն ունի։ Այդ կապակցությամբ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության համար: Շնորհակալություն, Միխայիլ Վլադիմիրի», - ասել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետն ընդգծել է՝ վստահ է, որ պետք է ամրապնդեն Միությունը նույնիսկ համավարակի և աճող ռեցեսիայի լուրջ մարտահրավերների պայմաններում։

«Մենք պետք է ապացուցենք մեր կազմակերպության կենսունակությունը, նրա ինքնուրույնությունը ճգնաժամի շրջանում և պատրաստ լինենք օգտվել բոլոր այն տնտեսական հնարավորություններից, որոնք ակնհայտորեն ի հայտ կգան հետճգնաժամային շրջանում: Այս առումով, ցանկանում են արձանագրել, որ մենք պաշտպանում ենք քարտուղարության կողմից ներկայացված Եվրասիական բարձրագույն խորհրդի անդամների համատեղ հայտարարությունը: Այն համապատասխանում է մեր երկրների՝ COVID-19 համավարակի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ համագործակցության մեր տեսլականին: Եվ որպեսզի ելույթս ավարտեմ լավատեսական նոտայով, կցանկանայի ևս մեկ անգամ հայտնել Հայաստանի պատրաստակամությունն այս աշնանն ընդունելու միջկառավարական խորհրդի հերթական նիստը», - ասել է նա:

Այնուհետև միջկառավարական խորհրդի մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ տարածքում կորոնավիրուսի տարածման, կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ստեղծված իրավիճակում տնտեսական զարգացումներն ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ քայլերը: Կողմերը պայմանավորվել են առաջիկայում քննարկումները շարունակել նույն ձևաչափով, իսկ մինչ այդ քննարկվելիք օրակարգային հարցերի շուրջ աշխատանքները կշարունակեն փոխվարչապետներն ու նախարարները:

Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի կառավարության ղեկավար Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG