Մատչելիության հղումներ

Հակոբ Ղազանչյան․ Պետք է օգնենք միմյանց արագ վերապրելու էս մղձավանջը


Թատերական ոլորտի ներկայացուցիչները այս դժվարին օրերին փորձում են տարբեր հեռավար ծրագրեր իրականացնել՝ էլեկտրոնային տարբեր հարթակներում ներկայացնելով իրենց բեմադրությունները, նաև հանդես գալով նոր մտահաղացումներով:

Թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի
գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը «Ազատության» հետ զրույցի ընթացքում ընդգծում էր, որ կապի մեջ է տարբեր թատրոնների ղեկավարների և թատերախմբերի անդամների հետ, 2-3 օրը մեկ իրենց թատրոն է գնում և շատ է տխրում նախկին աշխույժ վիճակի փոխարեն տեսնելով դատարկ ու լուռ թատրոնը:

«Եվ ես հասկանում եմ, թե ինչ դժվարությամբ են տանում էս ամեն ինչը նաև իմ կոլեգաները։ Մյուս կողմից, իհարկե, հարկավոր է ըմբռնումով մոտենալ։ Որովհետև մենք աշխարհի մի մասնիկն ենք, պետք է էս պարագայում ենթարկվենք, ընդունենք որոշ կանոններ, որոնք պահանջում է ժամանակը։ Եվ փորձենք էնպես անել, որպեսզի էս պատիժը, որ վրա հասավ մեզ, էս մղձավանջը հնարավորինս արագ ավարտվի», - ասաց Ղազանչյանը։ - «Իհարկե, ես հույս ունեմ, որ շատ երկար չի տևելու էս ամեն ինչը։ Պետք է խորհուրդ տանք մարդկանց ինքնակրթությամբ զբաղվել՝ անկախ տարիքից, անկախ հեղինակությունից, անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից։ Հարկավոր է կարդալ, հարկավոր է դիտել, հարկավոր է մտածել առաջարկների մասին, որ էս ամեն ինչը ավարտվելուց հետո (խոսքս դերասանների մասին է)․․․ կարող են ներկայացնել թատրոնների ղեկավարներին։ Բայց, էլի եմ ասում, մենք ուրիշներից լավը չենք, պետք է էնպես անենք, որպեսզի օգնենք միմյանց արագ վերապրելու էս մղձավանջը»։

Ղազանչյանն ասաց, որ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնը, մյուս թատրոնների պես, օնլայն հարթակում պարբերաբար ցուցադրում է իր ներկայացնումները․ - «Ինչին, անկեղծ ասեմ, ես դեմ եմ։ Որովհետև թատրոնի ամենամեծ առավելությունը անմիջական կապն է հանդիսատեսի հետ, կենդանի կապն է։ Դեռևս ես չեմ տեսել մի ներկայացում, որը էնպես նկարահանվի, որ գոնե 30 տոկոսը պահպանվի։ Թատրոնի ամենամեծ ուժը, հզորությունը կենդանի, անմիջական կապն է հանդիսատեսի հետ»։

Հակոբ Ղազանչյանն ասաց, որ համաճարակի ավարտից հետո հանդեսատեսի մեծ հոսք է ակնկալում․ - «Միանշանակ։ Ասեմ, որ էդ հոսքը կար, թատրոնները լուրջ առաջընթաց ունեն հանդիսականի, լեփ-լեցուն դահլիճներ մենք ունենք։ Էնպես որ տենդենցը դրական էր, և ես կարծում եմ, որ թատրոնների հավատարիմ հանդիսականները թատրոնը չեն մոռանա, կհիշեն թատրոն կոչվածի ամենամեծ ուժը՝ դերասանի և հանդիսատեսի կենդակի հաղորդակցությունը»։

Հակոբ Ղազանչյան․ Պետք է օգնենք միմյանց արագ վերապրելու էս մղձավանջը
please wait

No media source currently available

0:00 0:04:31 0:00
Ուղիղ հղում


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG