Մատչելիության հղումներ

Հայաստան են վերադառնում FLEX և ACES ծրագրերով ԱՄՆ-ում ուսանող 35 հայ աշակերտներ. ԱԳՆ խոսնակ


ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ

Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում և Ամերիկյան խորհուրդների հետ սերտ համագործակցությամբ երեկ կազմակերպվել է FLEX ծրագրով ԱՄՆ հանրակրթական տարբեր ավագ դպրոցներում ուսանող հայ և վրացի աշակերտների վերադարձը համապատասխանաբար Հայաստան և Վրաստան: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նշելով, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է եղել FLEX ծրագրով ամերիկյան տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի հայ աշակերտների և ծրագրի հայաստանյան ներկայացուցչի հետ, Նաղդալյանը հայտնում է, որ դեսպանության համակարգմամբ Ամերիկայի խորհուրդների կողմից ապահովվել է աշակերտների անվտանգ տեղափոխումն ԱՄՆ 19 նահանգներից դեպի Չիկագո քաղաք, այնուհետև Հայաստան՝ Դոհա-Թբիլիսի չվերթով և այնուհետև ավտոբուսով դեպի Հայաստան։

«Չիկագոյի օդանավակայանում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և Չիկագոյում ՀՀ պատվավոր հյուպատոսության կողմից հայ աշակերտներին տրամադրվել են առողջապահական անվտանգության անհրաժեշտ պարագաներ: Համակարգվել է նաև Դոհայի օդանավակայանում հայ ուսանողների դիմավորումն ու ուղեկցումը մինչ մեկնման մյուս սրահ:

Վերոնշյալ համագործակցության արդյունքում Հայաստան են վերադառնում 34 աշակերտ և ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ: Վերջիններս Հայաստան վերադառնալուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի», - ասված է խոսնակի հաղորդագրությունում, որը տարածել է Արտգործնախարարության լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

«Սա Հայաստանի և Վրաստանի՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրությունում տարբեր երկրներում գտնվող քաղաքացիներին համագործակցաբար հայրենիք վերադարձնելու հերթական լավ օրինակն է: Շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի խորհուրդներին՝ հայ աշակերտների տեղափոխումն արագ ու հարթ կազմակերպելու, ինչպես նաև մեր վրաց գործընկերներին՝ աջակցության և արդյունավետ համագործակցության համար», - նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG