Մատչելիության հղումներ

Թեստավորվում են բոլոր մեկուսացվածները, նաև նրանց սպասարկող անձնակազմը․ Գևորգ Սիմոնյան


«Ազատությունը» զրուցել է Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանի հետ։

«Ազատություն». – Վերապրոֆիլավորված այդ մասնաշենքում ունե՞ք արդեն կորոնավիրուսակիր պացիենտներ:

Սիմոնյան. – Այս պահին ունենք մի քանի կասկածելի դեպքեր, ովքեր նմուշառված են և սպասում են իրենց հետազոտության պատասխաններին։ Բայց նպատակը այս կենտրոնի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության հաստատված դեպքերի բուժումն է: Այսինքն՝ այստեղ վերջնանպատակը լինելու է, որ բուժվելու են միայն հաստատված դեպքերը, կասկածելի դեպքեր այստեղ չեն լինելու:

«Ազատություն». – Քանի՞ մահճակալ ունեք։

Սիմոնյան․ - Վերանորոգված ու վերապրոֆիլավորված մասնաշենքում ունենք մոտ 150 մահճակալային ֆոնդ, որից մոտ 45-ը վերակենդանացման ծառայությանն է պատկանում։ Կարող եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ ռեանիմացիոն ծառայություններից մեկն է այստեղ ծավալվել թե՛ տեխնիկական, թե՛ ծավալային, թե՛ մասնագիտական ներուժի իմաստով։

«Ազատություն». - Այսինքն՝ ձեր մասնաշենք կտեղափոխվեն նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտները։

Սիմոնյան․ - Այո։

«Ազատություն». - Դուք ունե՞ք նաև արհեստական շնչառության սարքեր։

Սիմոնյան․ - Այս պահին 15-ն են, բայց համալրվելու են։

«Ազատություն». - Այս օրերին հաղորդվեց, որ ծայրահեղ ծանր վիճակից դուրս են բերվել մարդիկ։ Դա հիմնականում և ամբողջ աշխարհում բարձր դիմադրողականությա՞ն արդյունք է, թե՞ այս օրերին փորձակվող դեղերն են արդյունք տալիս։

Սիմոնյան․ - Շատ բազմագործոն երևույթի մասին եք խոսում։ Կապ ունեն հետևյալ գործոնները․ նախ, դեպքերի վաղ հայտնաբերումը, ինչքան շուտ ենք հայտնաբերում, այնքան շուտ ենք կարողանում հսկողության տակ առնել, և համապատասխան բուժօգնությունը սկսում են ավելի վաղ փուլում ստանալ, ինչը կանխարգելում է ծանրացումը։ Իսկ ծանրանալու դեպքում ևս անընդհատ հսկողության տակ են մնում, և ժամանակին արհեստական շնչառության միացնելը, ինչպես նաև Ձեր կողմից նշված աշխարհում նոր-նոր կիրառվող պրեպարատները, որոնք ամբողջ զինանոցը այս պահին, կարող եմ ասել, մենք ունենք, կիրառում ենք՝ հաշվի առնելով համաշխարհային, միջազգային լավագույն փորձը։

«Ազատություն». - Բուժաշխատողները, ըստ էության, թիրախային խմբում են։ Արդյո՞ք դա նաև նրա հետևանքը չէ, որ իրենք մասնավորապես Հայաստանում անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ չունեն։

Սիմոնյան․ - Նման խնդրի ես չեմ հանդիպել, որ բուժաշխատողները չունենան անհատական պաշտպանության անհրաժեշտ միջոցներ։ Ասեմ ավելին․ պարբերաբար բուժաշխատողների շրջանում Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից իրականացվում են թրեյնինգներ՝ անվտանգության կանոնների հետ կապված, անհատական պաշտպանության միջոցները կրելու, դրանք ոչնչացնելու և այլնի կապակցությամբ։ Նման բնույթի խնդիր ինչ չի հանդիպել։ Չեմ կարող ասել, որ մենք հիմա այդ դաշտում ինչ-որ խնդիրներ ունենք։

«Ազատություն». - Քանի որ Դուք նաև բուժհաստատություն եք ղեկավարում, կա՞ն մասնագետներ, եղե՞լ են դեպքեր, որ, ասենք, չեն ցանկացել վերապրոֆիլավորվել, դեմ են կորոնավիրուսակիների հետ աշխատելուն։

Սիմոնյան․ - Եղել են դեպքեր, բնականաբար։ Ոչ բոլորն են համաձայնում, որովհետև գործ ունենք մարդկանց հետ, կապ չունի, որ բուժաշխատող են։ Մարդ են, ունեն էմոցիաներ, ունեն անհանգստանալու օբյեկտիվ պատճառներ, կամ, ինչու չէ, նաև ընտանեկան, անձնական որոշակի հանգամանքներ, որոնք թույլ չեն տվել։ Հիմնականում հենց այդ դաշտում է խոսակցությունը եղել․ մարդիկ նշել են ընտանեկան կամ անձնական խնդիրներ, որոնցից ելնելով չեն կարող։ Ցանկացել են, բայց չեն մասնակցել, որովհետև ունեն, օրինակ, միայնակ երեխա կամ միայնակ ծնող, որին պետք է խնամեն։

«Ազատություն». - Իսկ որ ասեն՝ առանց այն էլ ցածր ենք վարձատրվում, հիմա էլ մեր առողջությունը վտանգենք և այլն․․․

Սիմոնյան․ - Նման բնույթի խոսակցություն չի եղել։ Թվեր, բնականաբար, չեմ նշի, բայց կարող եմ ասել, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ներգրավված բոլոր բուժաշխատողները վարձատրվում են պատշաճ, ավելի քան պատշաճ։

«Ազատություն». - Դուք ավելի վաղ ներգրավված էին մեկուսացված մարդկանց հետ աշխատող խմբում։ Այդ 14 օրերի ընթացքում նրանք ենթարկվո՞ւմ են բժշկական զննությունների։

Սիմոնյան․ - Անդադար։ Օրը երկու անգամ առնվազն ջերմաչափվում են, առավոտյան և երեկոյան։ Հենց այդ մեթոդով էլ մի քաղաքացու մոտ հաստատվեց դեպքը։

«Ազատություն». - Տուն ուղարկելուց առաջ նրանց անպայմա՞ն թերտավորում են։

Սիմոնյան․ - Բոլորին։ Տուն ուղարկելուց առաջ, բացի մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից, թեստավորվել է նաև նրանց սպասարկող անձնակազմը, Մոնթե Մելքոնյանի ուսումնամարզական համալիրի անձնակազմը։ Բոլորն էլ թեստավորվել են, որպեսզի երկրորդ ալիքը կանխվի։

«Մարդիկ տանը մնալով սպասում են, որ վարակի շղթան կոտրվի, մենք էլ գնանք տուն»

«Ազատություն». - Որքանո՞վ է կանխատեսելի այս հիվանդությունը, կորոնավիրուսը, օրինակ՝ ո՞ր դեպքում է այն, որպես կանոն, թոքաբորբ առաջացնում:

Սիմոնյան. - Թոքաբորբի առաջանալու համար շատ պայմաններ կան, հիմնականը վարակի, այսպես կոչված, դոզան է, որը որ հիմնականում ռիսկի խմբերի մոտ է լինում, ինչպես նաև մասնագիտական ռիսկային խմբերում գտնվող անձանց մոտ է լինում, օրինակ՝ բուժաշխատողների մոտ, ովքեր անընդհատ առնչվում են կորոնավիրուսով պայմանավորված հիվանդություն ունեցող պացիենտների հետ: Եվ վիճակագրությունը ցույց է տալիս, որ հենց բուժաշխատողների շրջանում է շատ ծանր ընթացք ունենում սույն հիվանդությունը, որովհետև դոզան իրենց մոտ ավելի շատ է:

«Ազատություն». - Կանեի՞ք պնդում, որ այսօր Հայաստանի բժշկական ողջ մասնագիտական ներուժն է օգտագործվում, լծվել այս գործին: <...> Նկատի ունեմ՝ լավագույն մասնագետները այժմ աշխատում են, լուսանցքում չեն և այլն:

Սիմոնյան. - Մասնագիտական ներուժի մասով կարող եմ ասել, որ լավագույն մասնագետները հենց ներգրավված են՝ տարբեր մասնագետներ, որովհետև կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունը հիմնականում ծանր ընթացք է ունենում նաև ռիսկի խմբում գտնվող քաղաքացիների մոտ էն դեպքերում, երբ որ ունեն ուղեկցող հիվանդություններ, այսինքն՝ շաքարային դիաբետ, սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ: Այսինքն` էդ բոլոր մասնագիտությունների գծով առաջատար մասնագետները ներգրավված են քննարկումներում, մշակվել են ուղեցույցներ, ուղեցույցները անընդհատ, ամենօրյա ռեժիմով նույնիսկ կարելի է ասել, թարմացվում են՝ նաև հաշվի առնելով միջազգային փորձը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցները, նրանց խորհուրդները, և այլն:

«Ազատություն». - Եթե կարանտինի այս ռեժիմը տալիս է արդյունք, թվերը նվազում են, չի՞ նշանակի, որ եթե այդ ռեժիմը մեղմացվի, դեպքերը կարող են շատանալ, ի՞նչն է փոխվել:

Սիմոնյան. - Չեմ կարծում, որովհետև կարանտինի ռեժիմը մեղմելուց հետո, օրինակ, պայմանական օրինակ եմ ասում, հիմա երբ որ մեր հիվանդանոցում, մեր կենտրոնում, որտեղ որ մենք հիմա աշխատում ենք, որտեղ ծառայում ենք ինֆեկցիոն ծառայությամբ, օրինակ, վերջին հիվանդի ապաքինվելուց հետո, երբ որ դատարկ մնա մեր կենտրոնը, մենք բոլորս՝ ամբողջ բուժանձնակազմը, գնալու է 14 օր մեկուսացման մեջ գտնվի: Այսինքն՝ էդ երկրորդային հարվածը վարակի կանխվելու է:

«Ազատություն». - Իսկ ընդհանրապես, Ձեր գնահատմամբ, եթե հարցը փորձեմ հակառակ կողմից տալ, ինչքա՞ն սա կարող է շարունակվել, այսինքն, ավելի կոպիտ ձևակերպելով՝ մարդիկ տանը մնալով ինչի՞ն են սպասում:

Սիմոնյան. - Մարդիկ տանը մնալով սպասում են, որ վարակի շղթան կոտրվի, դեպքերը քչանան, ավելի շատ ունենանք դուրս գրվողներ, քան նոր հաստատվող դեպքեր, վերջիվերջո հաղթահարենք, ու մենք էլ՝ բուժաշխատողներս էլ դռները փակենք, գնանք տուն, մեր ընտանիքներին տեսնենք, որոնց վաղուց չենք տեսել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG