Մատչելիության հղումներ

Սիսիանում ոստիկանների հետ կապված միջադեպի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ


Գլխավոր դատախազությունը Հատուկ քննչական ծառայություն է ուղարկել մշտադիտարման արդյունքում արձանագրված ԶԼՄ-ների հրապարակումները, դրանցում ներկայացվող տեսանյութերը ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացու նկատմամբ բռնությունների հնարավոր գործադրման վերաբերյալ, ինչպես նաև դեպքի կապակցությամբ քաղաքացուց ստացված հաղորդումը և կից փաստաթղթերը: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Բացի այդ, մի քանի քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել նաև Ոստիկանության Սիսիանի բաժին բերման ենթարկելու և ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից իրենց նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ: Այդ մասին հրապարակումներ են եղել նաև մի քանի լրատվամիջոցներում: Դրանք ևս ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ նյութերի նախապատրաստման շրջանակներում ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով»,- նշել է Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ապրիլի 7-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ համայնքի երկու բնակիչներ (հորեղբոր տղաներ) Սիսիան-Երևան ավտոճանապարհին գտնվող անցակետում խախտել են երկրում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում հաստատված կարգը ու չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների՝ անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը ներկայացնելու օրինական պահանջներին, որի համար հրավիրվել են ոստիկանության Սիսիանի բաժին:

«Իմանալով վերջիններիս՝ Ոստիկանության բաժին հրավիրվելու մասին՝ ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժնի վարչական շենքի դիմաց են հավաքվել նրանց մտերիմները: Վերջիններս, հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, տևական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ քաշքշելով և մարմնի տարբեր հատվածներին հարվածներ հասցնելով, հայհոյելով, երթևեկությունը խոչընդոտելով»,- ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG