Մատչելիության հղումներ

Վանաձորի պետհամալսարանում հեռավար ուսուցման օգուտներն են քաղում` «փորձում մինուսը դարձնել պլյուս»


Այսօրվանից Վանաձորի պետական համալսարանի նորընտիր ռեկտոր Ռուստամ Սահակյանը պաշտոնապես ստանձնեց բուհի ղեկավարի պարտականությունները։ Մարտի 1-ին անցկացված ընտրություններին համալսարանի հոգաբարձուների խորհրդի 24 անդամներից 15-ը նրան էին ձայն տվել։

Այսօր Ռուստամ Սահակյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ բուհում գլխավորն ուսանողն է, և, որ ամեն ինչ անելու է մոտ ապագայում բուհում կարևոր բարեփոխումներ իրականացնելու համար.- «Մեր գլխավոր հերոսը ուսանողն է, երկորդը ես իմ բոլոր հնարավորությունները, իմ բոլոր կարողությունները, հմտությունները անպայման հնարավորինս կներդնեմ, որ մեր համալսարանի լինի լավագույնը հանրապետությունում, որպեսզի մենք բոլորս համատեղ հպարտանանք մեր արած աշխատանքով: Ինձ թվում է` մեծամասնությունը պատրաստ է փոփոխությունների, որովհետև միակ ճանապարհը դա է»:

Բուհի նոր ռեկտորի պաշտոնավարությունը համընկավ Հայաստանում արտակարգ դրության հետ։ Հենց սկզբից ստիպված է բուհի կառավարումը հարմարեցնել սահմանափակումներին։ «Ազատությանն» ասաց՝ թեև դասախոսական անձնակազմի հիմնական մասը միջինից բարձր տարիքի են, բայց նոր տեխնոլոգիաներին արագ ընտելացել են ու կարողանում են ապահովել առցանց դասավանդման պրոցեսը.- «Ես կասեի 90-ից ավելի տոկոսը «Զում» գործիքակազի միջոցով է անցկացնում, և արդեն մեկ երրորդից ավելին անցել է «Մոդուլ» համակարգի, և հիմա շատ ակտիվ ներդրում ենք նաև «Մոդոլը», որպեսզի իրար հետ համատեղ այդ 2 գործիքներով մեր դասախոսներն ուսանողների ուսման կարիքը բավարարեն»:

Ռեկտորն ասում է՝ հեռավար դասավանդման պրոցեսում փորձում են էլ ավելի սերտ դարձնել դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս, ուսանող կապը։ Այդ ձեռքբերումը նորմալ դասապրոցեսի անցնելուց հետո կպահպանեն։ «Այս ամեն ինչը կանցնի, ես դրա համար շեշտը դրեցի, որ մենք հենց հիմա ուզում ենք օգտվելով մինուսը դարձնել պլյուս, որ սա բերի նրան, որ մեր ուսումնական պրոցեսը լինի ավելի կանոնավորված և կարգավորված»,- նշեց նա:

Մանկավարժական ֆակուլտետի դեկան Թերեզա Շահվերդյանը բուհի ամենատարեց դասախոսն է։ Արդեն 51 տարի՝ բուհի հիմնադրման առաջին իսկ օրից, այստեղ է աշխատում։ Ասում է` տարիքը բոլորովին չի խանգարում։ Շատ արագ ընտելացել է հեռավար դասավանդման բոլոր հարթակներին ու դասերը վարում է առանց խոչընդոտների.- «Սա ունի և՛ իր առավելությունը, և՛ թերությունը: Առավելությունը նա է, որ մասնկցում են բոլորը անկախ նրանից` Հայաստանում են, թե Հայաստանում չեն, հնարավորություն ունեն գալու, թե չէ, ուշացումներ չեն լինում նախկինի պես, որ ասենք գյուղերից, շրջաններից: Ես դասեր ունեմ Բանասիրական ֆակուլտետի Հայոց լեզվի և գրականության մասնագիտությունների 1-ին և 3-րդ կուրսերում, բացականեր մինչև հիմա չեմ ունեցել:

Հարցին, թե արդյո՞ք որպես տարեց դասախոս մտավախություն չունի, որ վիրուսը կարող է իրեն էլ վնասել, մանավանդ հաճախ ստիպված է լինում համալսարան գնալ, պատասխանեց.- «Դասապատրաստումը, դեկանական աշխատանքները և այլն, ամբողջ օրն այնքան եմ զբաղված լինում, որ ժամանակ չունեմ վախենալու, անհանգստանալու: Ես երբեմն մտածում եմ, ասում եմ` եթե ես այսպիսի գերբեռնվածությամբ չաշխատեի, կարող է խանգարում ստանայի, որովհետև մարդը միանգամից...երկրաշարժ տեսած մարդ»:

Բուհը որպես ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար մոտ երկու տարի ղեկավարած Սուսաննա Թումանյանը, որ այսօրվանից կշարունակի պաշտոնավարել որպես պրոռեկտոր, ասաց՝ նվազագույնի են հասցրել աշխատակիցների շփումները բուհում.- «Մեր հաջորդ հանդիպումը կլինի օնլայն, անպայման: Այցելությունների թիվը մենք հասցրել ենք մինիմալի, բայց այնուամենայնիվ բուհը գործող օրգանիզմ է, չի կարող զրոյական մակարդակ լինել»:

Այսօր նորընտիր ռեկտորին ներկայացրեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, որը նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Ֆակուլտետների դեկաններն ու վարչական աշխատողներն էին ներկա՝ բոլորը դիմակներով ու ձեռնոցներով։ Սոցիալական հեռավորությունը պահել էին։ Նշեցին, որ ռեկտորատի դեմառդեմ վերջին հանդիպումն է։ Մտադիր են դրանք ևս առցանց դարձնել։

XS
SM
MD
LG