Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ապրիլյան քննիչ հանձնաժողով


Ինչպես «Ազատությանը» տեղեկացրեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, այսօր գրություն են հանձնել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարին՝ առաջարկելով Սարգսյանին ապրիլի 13-ին կամ 16-ին ներկայանալ քննիչ հանձնաժողով՝ լսումների:

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ երկու օր են մատնանշել՝ թողնելով ընտրության հնարավորություն, նա ասաց, որ նամակի վերջում գրել է՝ ակնկալում է, որ Սերժ Սարգսյանը գալու կամ հրավերը մերժելու դեպքում նախապես կտեղեկացնի հանձնաժողովին:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե 13-ին կամ 16-ին նախատեսած հանձնաժողովի նիստը, որին պետք է մասնակցի Սարգսյանը, չի՞ կարող մեծացնել կորոնավիրուսի վտանգը, ասաց. «Մեր հանձնաժողովին հատկացված տարածքը այս պահին գնահատում եմ հանրապետության ամենաստերիլ տարածքը, որտեղ շատ սահմանափակ մարդիկ են մտել և դուրս եկել, այն ժամանակ, երբ կորոնավիրուսը չկար: Այս ընթացքում էլ մեր հրավիրյալները կարող են հանգիստ գալ, քանի որ սենյակը կբերենք այն վիճակին, որտեղ վիրուսն անելիք չի ունենալու: Մեզ հետաքրքրող հարցերն այնքան կարևոր են մեր երկրի համար, որ կորոնավիրուսի առկայության դեպքում, պետք է ստանանք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները»:

Հարցին, որ սենյակը կարող է ստերիլ լինել, բայց նիստի մասնակիցները կարող են վիրուսակիր լինել, պատասխանեց. «Այս պահին Ազգային ժողովում կորոնավիրուսի հետ կապված որևէ մտահոգություն չունենք: Այսօր Ազգային ժողովի պատգամավորի մոտ հայտնաբերված չէ այդպիսի մտավախություն, ԱԺ պատգամավորները ամեն օր ջերմային թեստ հանձնում են, բայց եթե պետք լինի, ապա կխնդրեմ, որ պարետը հնարավորություն ստեղծի, որ մեր հանձնաժողովի անդամները հանձնեն թեստը: Կմնա մեկ անձնավորություն՝ Սերժը Սարգսյանը, նա էլ արդեն պետք է թեստ հանձնի իր ցանկությամբ»:

Մեր հարցմանը, թե Սերժ Սարգսյանը կընդունի՞ հրավերը, գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու ոչինչ չունի, այն էլ` ապրիլյան քառօրյա հաղթական պատերազմի վերաբերյալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG