«Դժբախտաբար, շատ մահեր կլինեն»
Ապրիլի 5-ին` Երևանի ժամանակով 19:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով ախտահարումների թիվը գերազանցել է մեկ միլիոն 218 հազարը: Մահացել է ավելի քան 65 հազար 800 հազար մարդ, ապաքինվել է մոտ 254 հազար հիվանդ:
Հիմա այդ մտահոգիչ վիճակագրության առումով առաջինը Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակվել է 312 հազար բնակիչ, մահացել է մոտ 8 և կես հազար մարդ, ամբողջությամբ ապաքինվել է մոտ 15 հազար հիվանդ:
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է` Ամերիկայի համար սկսվում է, թերևս, ամենաբարդ շաբաթը:
«Դժբախտաբար, կլինեն շատ մահեր, դժբախտաբար, բայց դրանց թիվը շատ ավելի մեծ կլիներ, եթե չձեռնարկեինք այս միջոցները»,- ասել է նախագահը:
Ամերիկայում օրըստօրե ավելի լայնածավալ է իրականացվում մարդկանց թեստավորումը:
Արևմուտքը չի վստահում չինացիների հայտնած տվյալներին
Մինչդեռ, ամերիկացի և եվրոպացի մի շարք մասնագետներ կասկածի տակ են առնում COVID-19 տեսակի թոքաբորբի ծագման երկիր համարվող Չինաստանից այդ հիվիանդության մասին ստացվող վիճակագրական տվյալները:
Ենթադրվում է, որ վարակն ի հայտ է եկել անցյալ տարվա նոյեմբերին Չինաստանի Հուբեի նահանգի Ուհան քաղաքում:
Արևմտյան փորձագետներն արժանահավատ չեն համարում նաև Ռուսաստանից, Իրանից, Թուրքմենստանից և մի շարք այլ երկրներից ստացվող պաշտոնական տվյալները:
Թրամփը երեկ վերստին ընդգծել է այս ժամանակաշրջանում սոցիալական հեռավորության կանոնը պահպանելու անհրաժեշտությունը և միաժամանակ հույս է հայտնել, որ իրավիճակը կբարելավվի, ու մոտ ապագայում ամերիկացիները կվերադառնան աշխատանքի:
«Եվրոպայի համար Մարշալի ծրագիր»
Եվրոպական միության գործադիր մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ Եվրոպային անհրաժեշտ է «Մարշալի ծրագրի նման նախաձեռնություն»:
Երկրորդ աշխարհամարտից հետո՝ 1948 թվականին ավերված Արևմտյան Եվրոպան վերականգնելու համար Միացյալ Նահանգները մշակել և իրականացրել է հատուկ ծրագիր, որին տվել են այն տարիների պետքարտուղար Ջորջ Մարշալի անունը:
Այդ ծրագրով Ամերիկան Արևմտյան Եվրոպայի տնտեսական-սոցիալական վերականգնմանը տրամադրել է 12 միլիարդ դոլար, ինչն, ըստ ֆինանսիստների, այսօր հավասար կլիներ 128 միլիարդի:
«Բժիշկները պաշտպանություն չունեն և վարակվում են»
Արևմտյան Եվրոպայում այսօր, ինչպեսև նախորդող շաբաթներին առավել ծանր կացության մեջ են Իտալիան և Իսպանիան:
Իսպանիան վարակակիրների թվի առումով առաջ է անցել Իտալիայից: Այսօր Իտալիայում ախտահարված է ավելի քան 124 հազար 600 մարդ, իսկ Իսպանիայում ավելի քան 130 հազար 700:
Բայց մահացությունն Իտալիայում ավելի բարձր է՝ մոտ 15 հազար 300 մարդ է մահացել, իսկ Իսպանիայում՝ մոտ 12 և կես հազար հիվանդ:
Իտալիայում բուժհիմնարկները գերագույն լարվածությամբ են աշխատում, բժիշկներն ուժասպառ են, հիվանդների մի մասը տարհանվել է Գերմանիա, որտեղ իրավիճակը շատ ավելի կայուն է:
Բժիշկ Ռիկարդո Մունդան աշխատում է առավել ախտահարված քաղաք Բերգամոյի շրջանի հիվանդանոցում, նա համացանցում տեղադրել է իր ուղերձը:
Արցունքները չզսպելով` նա ասել է, որ ամեն ինչի դեֆիցիտ է՝ բժիշկների, բուժքույրերի, պաշտպանիչ պարագաների:
«Բժիշկները ստիպված են այդ պայմաններում աշխատել, նրանք վարակվում են հիվանդներից և շարքից դուրս են գալիս»,- ասել է դոկտոր Մունդան:
Որոշ բրիտանացիներ... արևի լոգանք են ընդունում
Մեծ Բրիտանիայում մասնագետները ենթադրում են, որ կորոնավիրուսից կարող է մահանալ 7-ից 20 հազար մարդ:
Առողջապահության նախարար Մաթ Հենքոկը հեռուստաուղերձում վրդովմունքով է խոսել որոշ երևույթների մասին:
«Մարդկանց մեծամասնությունը կատարում է պահանջը և պահպանում է կարանտինը, դա չափազանց կարևոր է, բայց կա մի փոքրամասնություն, որը դա չի անում, օրինակ` չի կարելի այս օրերին դուրս գալ և արևային լոգանք ընդունել, չեմ ուզում այս տարրական բաներն ընդգծել, մնացեք տներում, դա է հիմա անհրաժեշտ, որովետև երկիրն ուզում է հաղթահարել այս ճգնաժամը»,- ասել է նախարարը:
Ռուս բժիշկներն օգնություն են աղերսում
Ռուսական ԶԼՄ-ները որպես կանոն հաղորդում են, որ իրավիճակը վերահսկելի է, զեկուցում են կորոնավիրուսը զսպելու հարցում Իտալիային, Ամերիկային, Սիրիային և այլ երկրներին օգնելու մասին: Մինչդեռ, բուն Ռուսաստանում էլ պաշտպանիչ սարքերի դեֆիցիտ է:
Նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդավայր, Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում` Պոկրովսկի հիվանդանոցում, բուժանձնակազմը բողոքել է շնչադիմակների պակասի կապակցությամբ:
Նրանց ասել են` «լռեք, թե չէ խնդիր կունենաք»: Բուժանձնակազմը բողոքի հայտարարությունը տեսահոլովակով տեղադրել է համացանցում:
«Մեկ բաժանմունքին տրվում է երկու շնչադիմակ, դա բավական չէ, մեզ սպառնում են, թե կպատժեն, թե բողոքենք, բայց մենք չենք վախենում, որովհետեև մեր կյանքը, մեր հարազատների կյանքը մեզ համար թանկ է»,- ասել են բժիշկները:
«Բացիր սիրտդ սիրո համար»
Այսօր Ծաղկազարդն է. Փրկչի Հարության տոնին նախորդող կիրակին քրիստոնեական աշխարհը նշում է Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Այսօր Հռոմի Ֆրանցիսկոս պապը միայնության մեջ աղոթել է և դիմել է հավատացյալներին:
«Այսօր, համավարակի ողբերգության պայմաններում, երբ արժեզրկված են այդքան կեղծ արժեքներ, հօդս են ցնդել շատ հույսեր, երբ եղան այսքան դավաճանություններ, և այդքան սրտեր պարուրվել են լքվածությամբ, Հիսուս յուրաքանչյուրին ասում է. «Բացիր սիրտդ սիրո համար»: Բացեք ձեր սրտերը և դուք կզգաք Աստծո մխիթարությունը, որը ձեր պաշտպանն է»,- ասել է Ֆրանցիսկոս պապը: