Կորոնավիրուսի հետևանքով աշխատաշուկայում լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, և կառավարությունը պետք է խթանի աշխատատեղերի ստեղծումը, հենց դա հնարավոր լինի, այսօր կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տնտեսական ուղղության մեր խնդիրը հենց կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է, որը իր հետևից կստեղծի նոր համակարգ, նոր աշխատատեղեր, նոր աշխատող ձեռնարկություններ: Սա պետք է լինի մեր կառավարության առաջնահերթությունը՝ տնտեսական ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու գործում», - նշել է Փաշինյանը:
Վարչապետը նկատել է՝ Հայաստանում կապիտալ ծախսերի թերակատարման պրակտիկա կա: Դրանք այն ծախսերն են, որոնք օգտագործվում են ճանապարհաշինության, վերակառուցման ու նմանատիպ աշխատանքների համար։
«Ըստ էության, այս նոր պայմաններում մենք գնահատում ենք, որ կապիտալ ծախսի չկատարման ամեն տոկոսը դրանք կոնկրետ մարդիկ են, կոնկրետ ընտանիքներ, որոնք աշխատանք չունեն և աշխատավարձ չեն ստանում», - ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը:
Փաշինյանի խոսքով՝ կառավարությունն այս օրերին աշխատում է հիմնականում երկու ուղղությամբ, առաջինը՝ պարետատան միջոցով վարակի հետագա տարածումը կանխելու ու օր առաջ պայմաններ ստեղծելու համար, որ ավելի շատ հիմնարկներ հնարավորություն ունենան աշխատելու։
«Հասկանում ենք, որ սա բավականին բարդ խնդիր է լուծելու համար, և նաև սա է պատճառը, որ կառավարությունը արտակարգ դրություն հայտարարեց և արտակարգ դրության իրավական ռեժիմի մեջ կատարեց որոշակի փոփոխություններ՝ այս խնդրի լուծումն ինչ-որ չափով ավելի իրատեսական դարձնելու համար», - ասել է Փաշինյանը:
Կառավարության երկրորդ ուղղությունը սոցիալական, տնտեսական աջակցության միջոցառումների ընդունումն է։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն անընդունելի է համարում այս ընթացում տնտեսական ծրագրերի վրա գումար ծախսելու՝ կառավարության մոտեցումը։ Ասում է՝ գործադիրը պետք է հիմա փորձի կորոնավիրուսի համավարակի դեմն առնել, ոչ թե դրա հետևանքների։
«Մարդկանց պետք է ինքնամեկուսացնենք, հիվանդ մարդկանց բուժենք, առողջ մարդկանց ապահովենք պարենով, որ նրանք դուրս չգան: Ամբողջ ռեսուրսները մենք այստեղ պետք է կենտրոնացնենք: Մենք չենք կարող զուգահեռաբար իրականացնել երկու գործողություն, այսինքն՝ ինքնամեկուսացնենք, բուժենք և միաժամանակ տնտեսական ակտիվություն ցուցաբերենք: Տնտեսական ակտիվությունը ենթադրում է հանդիպումներ, կապեր, ապրանքի առք ու վաճառք և այլն», - նշեց Պարսյանը:
Տնտեսությունը վարկերի միջոցով ուշքի բերելու կառավարության նպատակը տնտեսագետը ճիշտ չի համարում, հիմնավորում է՝ այս ընթացքում վարկերը ծախսելու ու ներդնելու տեղ չկա։
«Ենթադրենք՝ հյուրանոցին 40 միլիոն դրամի վարկ տրամադրեցինք՝ արտոնյալ պայմաններով, հյուրանոցն ի՞նչ է անելու այդ վարկը, լավագույն դեպքում իր վարկերն է փակելու, աշխատողներին աշխատավարձեր է տալու, այդքանը: Նա չի կարողանալու տնտեսական աճի գործոններ ստեղծել», - ասաց Սուրեն Պարսյանը:
Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման համար կառավարությունն արդեն 9 աջակցության ծրագիր է պատրաստել, որից 5 սոցիալական, իսկ 4-ը տնտեսական բնույթ ունի՝ հիմնականում պետության 50 տոկոսով համաֆինանսավորմամբ, անտոկոս վարկեր։ Տնտեսության վերականգնման համար կառավարությունը առնվազն 150 միլիարդ դրամ է պատրաստվում ներդնել։