Մատչելիության հղումներ

Ուղիղ եթերում վարչապետից պատահական զանգ ստացած քաղաքացին աշխատանքի է ընդունվել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարում է ՀՀ քաղաքացիներին, 27-ը մարտի, 2020թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարում է ՀՀ քաղաքացիներին, 27-ը մարտի, 2020թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից ուղիղ եթերում պատահաբար զանգ ստանալուց օրեր անց 46-ամյա Հարություն Տերտերյանն աշխատանքի է հրավիրվել Հայաստանի դեղ ներկրող խոշոր ըներություններից մեկում։

Տերտերյանը մեկ շաբաթ առաջ վարչապետին դժգոհել էր, թե աշխատանքի չեն ընդունում, երբ տեղեկանում են, որ 40-ն անց է։

«Ազատության» հետ զրույցում Հարությունն ասաց՝ երեք տարի շարունակ աշխատանքի ընդունման ինչ հայտարարություն տեսել՝ զանգել է, բայց նույն պատասխանն է ստացել՝ երիտասարդ աշխատակից են փնտրում։ Ասում է՝ ի՛ր բախտը բերեց, որ հնարավորություն ունեցավ վարչապետի հետ խոսել, ինչից հետո աշխատանքի հրավիրեցին, բա իր պես շատերն ի՞նչ անեն։

Հարությունը զարմանում է, որ մարդիկ այս խնդրի մասին լսելիս զարմանում են:

«Հայտարարություններ կա, չէ՞՝ եթե ցանկանում ես աշխատել առաքիչ կամ վարորդ կամ տարբեր մասնագիտությամբ, զանգենք այս համարով, էդ համարներով զանգել եմ, պայմանները ձեռ ա տվել, վարորդական փորձն ունեմ, պետական շտատով աշխատել եմ, մի խոսքով, հետո, որ իմացել են տարիքայինս էլ 46 է, ասել են՝ «կներեք, մեր մոտ 30-35 ա կամ 35-40», դա նորություն չի, ինձ թվում է պիտի ոչ մեկի համար նորություն չլիներ, թե ինչի են զարմանում, այ դա ես չեմ հասկանում», - ասաց Տերտերյանը:

Մասնագիտությամբ թիթեղագործ Հարությունն ապրում է կնոջ, երկու անչափահաս երեխաների ու հաշմանդամություն ունեցող տարեց մոր հետ, տան միակ աշխատողն է։ Վարչապետի հետ զրույցից հետո, դեղ ներկրող ընկերություններից մեկում աշխատանքի է ընդունվել որպես առաքիչ, գործից գոհ է, ասում է՝ շուրջ 5 մլն դրամ վարկ ունի, հիմա կկարողանա գոնե վարկը մուծել։

«Ալֆա ֆարմ» ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանն «Ազատությանը» փոխանցեց՝ երբ վարչապետի ուղիղ եթերում լսել են, որ քաղաքացուն աշխատանքի չեն ընդունել՝ տարիքային սահմանափակում դնելով, որոշել են հնարավորություն տալ Հարությունին։ Նրանից բացի, ասաց, ևս մի քանի նոր աշխատակից են ընդունել, ու կրկին՝ 40 տարեկանից բարձր։

Մացակյանը վստահեցրեց՝ 750 աշխատակից ունեցող իրենց ընկերությունում քիչ չեն 40 տարեկանից բարձր տարիք ունեցողները:

«Մենք ընդհանրապես անձնագրի տարիքին փորձում ենք չնայել, որովհետև անձնագրով երիտասարդը հաճախ կարող է զիջել անձնագրով ավելի տարիքով աշխատակցին: Այսինքն՝ մենք նայում ենք, թե ով է այդ պահին ավելի պատրաստված տվյալ աշխատանքը անելու համար: Օբյեկտիվորեն ինչ-որ աշխատանքներ անելու համար երիտասարդ աշխատողը կարող է ավելի լավ արդյունքներ ցույց տալ, բայց կան աշխատանքներ, որ փորձն է շատ կարևոր: Լսելով այդ հեռախոսային խոսակցությունը և քանի որ մեր մոտ այս պահին կար առաքիչի թափուր հաստիք, մտածեցի, որ լավ կլինի այդ մարդուն հրավիրել հարցազրույցի և հարցազրույցը բարեհաջող անցնելու դեպքում ընդունել աշխատանքի», - նշեց Մացակյանը:

Ի դեպ, խորհրդարանը դեռ նախորդ տարի էր ընդունել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած օրինագիծը, որով գործատուն այլևս չի կարող տարիքային սահմանափակում դնել մարդուն աշխատանքի ընդունելիս։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի կայքից տեղեկանում ենք, որ 2020-ի հունվար ամսվա կտրվածքով՝ աշխատաշուկայում 45-54 տարեկան կանանց 19 տոկոսին է աշխատանք առաջարկվել, տղամարդկանց՝ 22 տոկոսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG