Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսն աշխարհում ապրիլի 4-ի դրությամբ


Միացյալ Նահանգներում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով 1500 մարդ է մահացել: Վրաստանում այսօր առավոտյան արձանագրվել է մահվան առաջին դեպքը, Չինաստանում այսօր սգո օր է, Եվրոպան մնում է ամենաշատ զոհեր տված աշխարհամասը:

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահվան դեպքերի հակառեկորդ է սահմանվել

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի հակառեկորդ է սահմանվել՝ անցած մեկ օրվա ընթացքում 1500 մարդ է մահացել: Համաճարակի բռնկումից ի վեր, ոչ մի երկրում 24 ժամվա ընթացքում այսքան շատ մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Վարակի էպիկենտրոնը շարունակում է մնալ Նյու Յորքը: Նահանգապետ Էնրյու Քուոմոն երեկ օգնության խնդրանքով դիմել է մյուս նահանգներին, զգուշացնելով, որ արդեն մի քանի օրից Նյու Յորքի հիվանդանոցներում ազատ մահճակալներ ու շնչառական սարքեր չեն լինի, բժշկական անձնակազմն աշխատում է գերծանրաբեռնվածությամբ:

Իսկ ընդհանուր առմամբ ամբողջ ԱՄՆ-ով մեկ ապրիլի 3-ի կեսգիշերի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի 270 հազարից ավելի դեպք, հիվանդության հետևանքով ավելի քան 7 հազար մարդ է մահացել:

Միացյալ Նահանգներում ևս համոզվեցին, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարդիկ պետք է դիմակ կրեն: Նախագահ Դոնալդ Թրամփն ու երկրի թիվ մեկ համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին ամերիկացիներին խորհուրդ են տվել հանրային վայրերում դիմակ կրել:

ԱՄՆ-ն, Եվրոպան դեռ անորոշության մեջ են կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու ժամկետների հարցում: Կանխատեսվում է, որ ճգնաժամի պիկը կլինի առաջիկա երեք շաբաթների ընթացքում:

Իսկ վիրուսի օջախ Չինաստանը նորմալ կյանքի վերադառնալու ճանապարհին է:

Չինաստանում համազգային սուգ է հայտարարվել

Չինաստանում այսօր համազգային սուգ է հայտարարվել հազարավոր զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար: Ապրիլի 4-ին ամբողջ Չինաստանով մեկ պետական դրոշը կիսով չափ իջեցված է:

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, բարձրաստիճան պաշտոնյաներ մասնակցել են այսօր առավոտյան ժամը 10-ին մեկնարկած համազգային սգո արարողությանը:

Հայտարարված սգո օրը համընկնում է նախնիների հիշատակին տուրք մատուցելու չինական ավանդական օրվա հետ, երբ միլիոնավոր չինացիներ այցելում են իրենց մահացած հարազատների շիրիմներին: Այնուամենայնիվ, վարակի կենտրոն Ուհան քաղաքում սահմանափակումները շարունակվելու են մինչև ապրիլի 30-ը: Ուհանի բնակիչներին այսօր չի թույլատրվել գերեզմանատներ գնալ, նրանց հարազատների շիրիմների խնամքը վստահվել է սգո ծառայություններին:

Ինչ վերաբերում է Չինաստանում արձանագրված կորոնավիրուսի վերջին դեպքերին, ապա իշխանությունները հաղորդում են, որ ընդամենը 19 նոր դեպք է արձանագրվել, մահացել է 4 մարդ:

Բոլորը դեպքերը տեղի են ունեցել Հուբեյ նահանգում: Արձանագրված 19 դեպքերից 18-ը կապ ունեն դրսի հետ, ամփոփելով մարտի 3-ի տվյալները՝ այսօրվա ասուլիսում ասել է Ազգային առողջապահության հանձնաժողովի մամուլի խոսնակ Մի Ֆենգը:

Կորոնավիրուսի բռնկումից ի վեր Չինաստանում կորոնավիրուսի ավելի քան 81 հազար 600 դեպք է արձանագրվել, մահացել է 3 հազար 300-ից ավելի մարդ:

Այնուամենայնիվ փորձագետները կասկածանքով են վերաբերվում այս տվյալներին, քանի որ տեղական մամուլը գտնվում է խիստ գրաքննության տակ, իսկ արտասահմանյան լրատվամիջոցների գործունեությունը Չինաստանում արգելված է:

ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչությունը փետրվարին զգուշացրել է Սպիտակ տանը, որ Պեկինը զգալիորեն ցածր թվեր է հայտնում Չինաստանում կորոնավիրուսի հետևանքների մասին:

«Ըստ հայտարարված թվերի, 100 հազար բնակչից վարակվել է վեցը: Սա շատ ավելի քիչ է, քան Իտալիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում և կորոնավիրուսից առավել տուժած մյուս երկրներում», - գրում է «Նյու Յորք Թայմս»-ը:

Իտալիայում և Իսպանիայում շարունակում է աճել մահվան դեպքերի թիվը

Եվրոպայում վատթարագույն վիճակում գտնվող Իտալիայում և Իսպանիայում շարունակում է աճել մահվան դեպքերի թիվը:

Իսպանիայում մահվան դեպքերը հասել են ավելի քան 11 հազար 700-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում 809 մարդ է մահացել, սա փոքր-ինչ նվազում է, նախորդ օրը 932 մահ էր արձանագրվել:

Իսկ կորոնավիրուսի ընդհանուր դեպքերը Իսպանիայում 124 հազարից անցել են, ուրբաթ օրվա համեմատությամբ աճելով մի քանի հազարով:

Կորոնավիրուսից տուժած երկրների շարքում մահվան ամենաշատ դեպքերը արձանագրվել են Իտալիայում, ավելի քան 14 հազար 600 մարդ է մահացել: Բայց վերջին օրերին Իտալիայում նվազել են կորոնավիրուսի նոր դեպքերը, ինչը հույս է ներշնչում, որ ճգնաժամի պիկը մնացել է ետևում:

Ֆրանսիայում, Գերմանիայում, Բրիտանիայում ևս անցած օրվա ընթացքում հազարավոր նոր դեպքեր են արձանագրվել:

Չեխիայում ապրիլի 4-ի դրությամբ կորոնավիրուսի ավելի քան 4 հազար դեպք է արձանագրվել, հոսպիտալացված հիվանդներից 56-ը մահացել է: Տվյալները հաղորդվել է Չեխիայի առողջապահության նախարարությունը:

Չեխիայի կառավարությունը առաջարկում է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրությունը, որի ժամկետն ավարտվում է ապրիլի 11-ին: Կառավարության առաջարկը ուժի մեջ մտնելու համար կարիք ունի խորհրդարանի հաստատման:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը: Առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին այսօր հայտնել է, որ մահացածը Մառնեուլիի 79-ամյա բնակչուհի է: Նա հոսպիտալացվել էր մարտի 31-ից, ծայրահեղ ծանր վիճակում, կորոնավիրուսի վարակից բացի ուրիշ հիվանդություններ ուներ:

Ինչ վերաբերում է այս պահի դրությամբ համաշխարհային վերջին տվյալներին, ապա մինչ հիմա աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան մեկ միլիոն 100 հազար դեպք, 60 հազարից ավելի մարդ մահացել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG