Չինաստանում այսօր երեք րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսի զոհ դարձած հազարավոր մարդկանց հիշատակը. ողջ երկրով մեկ դրոշներն իջեցված են, ժամանցի միջոցառումները` հետաձգված:
Անցած տարեվերջին սկիզբ առած վարակը Չինաստանում ավելի քան 3 հազար 300 կյանք է խլել, մահվան դեպքերի 75 տոկոսը` ավելի քան 2 հազար 500-ը, արձանագրվել են համաճարակի էպիկենտրոնը դարձած Վուհանում:
Տեղի իշխանությունները նախօրեին մեծարել են նաև Վուհանի հիվանդանոցի բժիշկ Լի Վենլյանին, ով առաջինն էր ահազանգել նոր վիրուսի մասին. այդ օրերին ոստիկանությունը նրան հետապնդել էր` «կեղծ տեղեկություններ տարածելու համար»: Շաբաթներ անց` փետրվարին, 27-ամյա բժիշկն ինքն էր վարակվել ու մահացել կորոնավիրուսից:
Ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալներով, Չինաստանում վարակվել էր ավելի քան 80 հազար մարդ, մոտ 77 հազարն արդեն բուժվել է, շուրջ 1,5 հազարը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ:
Փորձագետները, սակայն, կասկածի տակ են դնում այս վիճակագրությունը, փաստելով, որ տեղական մամուլը կոշտ գրաքննության է ենթարկվում, արտասահմանցի լրագրողների մուտքն էլ երկիր արգելվում է:
Պեկինը պնդում է, թե ավելի քան 80 օր շարունակված խիստ սահմանափակումներից հետո` այժմ արդեն, Վուհանում կյանքը աստիճանաբար վերադառնում է բնականոն հուն. երեկ երկրում 19 նոր դեպք է գրանցվել, որոնցից 18-ը` արտասահմանից ժամանածների շրջանում: