Տեղաշարժի սահմանափակումների խստացված պայմաններում Գյումրի կարելի է առանց ոստիկանների ստուգման էլ մուտք գործել։ Արտակարգ դրության պարետի մարտի 31-ի որոշմամբ արգելվել էր մարզերի ու Երևանի միջև բնակչության ազատ տեղաշարժը։ Քաղաքի մուտքի մոտ այսօր ոստիկանական որևէ հսկողություն չկար:
Գյումրի - Երևան ճանապարհի Հոռոմի խաչմերուկի հատվածում աչքից հեռու ոստիկաններ էին կանգնած, բայց ոչ բոլոր մեքենաներն էին ստուգում:
Արթիկում քաղաքի մուտքից թվաց, թե մարդիկ մեկուսացած են, բայց երբ հասանք կենտրոն, պատկերը միանգամից փոխվեց՝ փողոցները բավականին մարդաշատ էին: Խմբված զրուցում էին առանց դիմակի ու ձեռնոցի, երբ մոտեցանք, սկսեցին հեռանալ: Առհասարակ մեծ մասը առանց դիմակի ու ձեռնոցի էր, ամեն մեկը մի տեղ էր շտապում:
«Բանկ եմ գնում՝ մուծում անելու», - ասաց Արթիկցիներից մեկը:
Մեկ այլ բնակիչ էլ ասաց. «Ընդհանրապես Շիրակի դաշտավայրի ժողովուրդը և՛ հումորով է, և՛ շատ լավատես է, երկրաշարժ տարած ժողովուրդ է, ամեն ինչին էլ կդիմանա: Դա մի քիչ էլ ներքին տրամադրվածություն է մարդու, պետք է լավատես լինել: Օրինակ՝ ես մտածում եմ, որ այդ վիրուսը մեզ շրջանցելու, անցնելու է»:
Վճարման տերմինալի մոտ խմբված կանգնած արթիկցիները սոցիալական 1-2 մետր հեռավորությունը չէին պահպանում, թեև ասացին գիտեն՝ լսել են:
Դրսում մեծ մասը մեծահասակներ էին: Թոշակ էին ստացել, շտապում էին գնումների: Տարեցներից մեկը թեև դիմակ ու ձեռնոց չէր կրում, բայց ասաց՝ վիրուսից պաշտպանվելու ձևը գիտի. «Ձեռնոցը ի՞նչ անեմ, հիմա գնացի, կախտահանվեմ, կգնամ տուն: Առանց պաշտպանվել ո՞նց կլինի, կյանքը թանկ է»:
Արթիկի կենտրոնում բավականին մեծ թվով տաքսիներ կային կայանված։ Վարորդները դժգոհեցին՝ գալիս կանգնում են, բայց գործ չունեն։
Որ արտակագ դրություն է ու մարդկանց տեղաշարժը սահմանափակված է, Արթիկում միայն ոստիկանների ու նրանց օգնության եկած Արտակագ իրավիճակների նախարարության փրկարարների շրջայցից կարելի էր հասկանալ։ Ստուգում էին տեղաշարժի թերթիկների առկայությունն ու անձնագրերը: Կազմում էին նաև արձանագրություն:
Տնտեսական, հագուստի, շինանյութի խանութները, վարսավիրանոցները փակ էին։ Գործում էին սննդի խանութներն ու դեղատները։