Մատչելիության հղումներ

«Վարակակիրների մոտ 60 տոկոսը բուժվում է տանը». Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայան


«Վարակակիրների մոտ 60 տոկոսը բուժվում է տանը», «Ազատության» հետ զրույցում ասաց Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը:

Բալայան. – Նիդերլանդներում ապրում է շուրջ 40 հազար հայ: Ինքնամեկուսացման համար պայմաններ մեզնից չեն խնդրել, ավելի շատ խորհրդատվություն են խնդրել, մի քաղաքացի ունեինք հարավային նահանգներից մեկում ապրող, որը համարվում է Նիդերլանդներում այս վարակի տարածման էպիկենտրոնը, որն ըստ իր՝ մեզ տված տեղեկատվության, բոլոր սիմպտոմները ուներ կորոնավիրուսի, սակայն հրաժարվում էին ընդունել հիվանդանոց, թեստավորում անցկացնել, քանի որ ինքը կարողանում էր, այսպես ասած, ոտքերի վրա մնալ: Բարեբախտաբար, պետք է ասեմ, որ այդ քաղաքացին արդեն գրեթե ապաքինվել է՝ տնային պայմաններում:

«Ազատություն». – Իսկ թեստով հաստատված դեպքեր կա՞ն հայերի կամ Հայաստանի քաղաքացիների շրջանում:

Բալայան. – Երեկ մի տեղեկատվություն ստացանք, որ Ամստերդամում մի ընտանիք կա, որը վարակված է՝ թեստով հաստատված, սակայն երեկ երեկոյան այդ տեղեկատվությունը, բարեբախտաբար, չհաստատվեց: Չնայած Նիդերլանդները փոքր երկիր է, բայց բոլոր քաղաքներում հայերը ապրում են, և համակարգված հստակորեն պնդել, որ հայերից կամ Հայաստանի քաղաքացիներից վարակված չկա, չենք կարող:

«Ազատություն». – Պարոն Բալայան, իսկ թեստավորումն ի՞նչ տրամաբանությամբ է արվում, ով ուզի կարո՞ղ է թեստավորվել:

Բալայան. – Բացարձակապես, ոչ, թեստավորումները շատ խիստ են արվում, նույնիսկ ես նշեցի մեր քաղաքացիներից մեկի մասին, որ գնացել էր հիվանդանոց, բոլոր սիմպտոմները՝ և՛ հազը, և՛ բարձր ջերմությունը առկա էին, բայց նրան հրաժարվել էին թեստավորել, ասել էին, որ «Դուք կարողանում եք տիրապետել Ձեզ, Դուք ոտքի վրա կանգնում եք, գնացեք տուն և հետևեք այն խորհուրդներին, որ Ձեզ տվել է Ձեր տնային բժիշկը: Այսինքն՝ այս-այս դեղամիջոցներով կարող եք բուժում ստանալ, ինքնամեկուսանալ և այլն»: Այստեղ նույնիսկ դժգոհություններ կան այդ առումով հանրության մեջ, որ ինչու չեն բոլորին, ովքեր ամենաթեթև սիմպտոմներն ունեն, թեստավորում, բայց կառավարությունն ասում է, որ դա նաև կծանրաբեռնի բժշկական հաստատությունները: Մի հետաքրքիր նկատառում նիդերլանդական փորձի հետ կապված՝ այստեղ փաստորեն չի հանրայնացվում առողջացածների թիվը ի տարբերություն շատ այլ երկրների: Սա բացատրում են նրանով, որ դեռևս ապացուցված չէ, որ նրանք, ովքեր հիվանդացել և բուժվել են, իմունիտետ ունեն, և հստակ պնդել, որ նրանք առողջացել են և այլևս չեն կարող վարակվել, դա հնարավոր չէ այս պահին: Նիդերլանդներն ունի այսպես կոչված intensive care-ի ընդամենը 2000 մահճակալի հնարավորություն: Եթե շատ վատ, կրիտիկական վիճակում հայտնվածների թիվը դրանց գերազանցի, ապա պետք է խնդրեն, որպեսզի հարակից երկրներ տանեն հիվանդներին:

«Ազատություն». - Այսինքն՝ արդեն այսօր էլ շատ վարակակիրներ տնային պայմաններում են «բուժում ստանում»:

Բալայան. - Վարակակիրների մոտ 50-60 տոկոսը բուժվում է տնային պայմաններում, հոսպիտալացվում են միայն շատ վատ վիճակում և բժիշկների մշտական հսկողության տակ գտնվելու կարիք ունեցող քաղաքացիները:

«Ազատություն». - Հայաստանի քաղաքացիների մասին. կա՞ն մարդիկ, որոնք չվերթների չեղարկման պատճառով ստիպված մնացել են այդտեղ և հիմա սպասում են վերադարձի ինչ-որ հնարավորության:

Բալայան. - Մարդիկ կան, որոնց չվերթները չեղարկվել են, մուտքի արտոնագրերի ժամկետները անցել են, բայց նրանք այս պահի դրությամբ բնակվում են իրենց հարազատների տանը: Այսինքն՝ խնդիր այնպիսի, որ մնացել են փողոցում և տեղ չունեն գնալու, այդպիսի խնդիր, բարեբախտաբար, Նիդերլանդներում չունենք: Այս արտակարգ իրավիճակի ավարտից հետո մեր քաղաքացիները կկարողանան երկարաձգել վիզաների ժամկետները, իսկ նրանք, ովքեր կուզենան անմիջապես մեկնել, օդանավակայանում կներկայացնեն չվերթի չեղարկման ապացույցները և առանց որևիցե խոչընդոտի կլքեն Նիդերլանդների տարածքը: Մինչ այս պահը մենք օժանդակել ենք շուրջ հինգ տասնյակ քաղաքացիների վերադառնալ հայրենիք՝ տարբեր չվերթներով, և ընդառաջելով մեր խնդրանքին՝ ապրիլի 5-ին նախատեսված չվերթը գործարկվելու է «Բելավիա»-ի ամենատարողունակ ինքնաթիռներով և Ամստերդամ-Մինսկ և Մինսկ-Երևանը, որը շուրջ 180 քաղաքացի է տեղափոխելու: Նաև այդ չվերթով ակնկալում ենք մոտ 15-20 մեր քաղաքացիների, որոնք Միացյալ Նահանգներից են գալու Ամստերդամ և մեկնելու են Երևան արդեն Մինսկի միջոցով:

«Ազատություն». - Պարոն Բալայան, իսկ այդտեղ սովորող Հայաստանի քաղաքացիների մասով ինչ-որ տվյալներ կա՞ն, եղե՞լ են ուսանողներ, որ այս կարանտինի ընթացքում ուզեցել են վերադառնալ:

Բալայան. - Այո, վերադարձել են շուրջ 18 ուսանող, երկուսը վերադառնում են այս կիրակի օրը նախատեսված իմ կողմից նշված չվերթով:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG