Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյան․ «Գազպրոմ Արմենիայի» հայտը անպատեհ ժամանակ է արված


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կարծիքով, սպառողների համար հուլիսի 1-ից գազի գինը բարձրացնելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիայի» հայտը անպատեհ ժամանակ է արված:

«Կարծում եմ, որ կորոնավիրուսի պանդեմիան պետք է ստիպեր «Գազպրոմի» մեր գործընկերներին վերանայել առաջարկ անելու ժամկետները։ Չեմ գտնում, որ սա լավագույն ժամանակն է այս առաջարկը անելու։ Շատ մանրամասն ծանոթ չեմ խնդրին, բայց գնահատականս էդպիսին է։ Վստահ եմ, որ վայրկյան առ վայրկյան Կառավարության մեր գործընկերները, պատասխանատուները բանակցում են «Գազպրոմի» հետ՝ օպտիմալություն գտնելու համար», - ասաց Միրզոյանը։

«Գազպրոմ Արմենիա»-ն երեկ դիմել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին մատակարարվող բնական գազի սակագների վերանայման հայտով, որով առաջարկվել է բոլոր սպառողների համար սահմանել մեկ սակագին՝ 283 դոլար հազար խորանարդ մետրի համար: Գործող սակագինը այս պահին միջինը 255 դոլար է։ «Գազպրոմի» առաջարկը մոտ 35 տոկոս թանկացում է ենթադրում սոցիալապես անապահով խավի՝ նպաստ ստացողների, ինչպես նաև ջերմոցների և վերամշակող ոչ մեծ ընկերությունների համար, և աննշան մոտ 2 տոկոս էժանացում՝ նպաստառուների ցուցակներում չգտնվող բնակիչների համար:

Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով, եթե հայտը բավարարվի, դա աղետալի ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսոության վրա․- «Գազը սպառողի համար տանը պետք է էժանանա և ոչ թե թանկանա, որովհետև ամբողջ աշխարհում գները նվազում են։ Բայց մեկ տեսնում ենք հակառակ պրոցես, հակառակ պրոցեսի սկիզբ, որ դիմել են, որ թանկանա։ Մենք ունենք համապատասխան մարմին, որը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է․․․ պիտի ոչ թե այդ հայտը բավարարի, այլ քննարկի գները նվազեցնելու հարցը»։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը այս առաջարկը ժամանակավրեպ և անհասկանալի է համարում և կարծում է, որ հանձնաժողովն այն պետք է մերժի․ - «Ինձ համար բացարձակ անհասկանալի է, թե սա ինչ մոտեցում է, ոնց է հիմնավորվում։ Ոորվհետև այդ սոցիալապես խոցելի խմբերը մնացել են խոցելի։ Եվ երկրորդ, ճիշտ է, այդ 3 դրամը վատ չէ, որ իջել են, բայց միգուցե ավելի շա՞տ ռեզերվ կա»։

Անցած տարվա հունվարի 1-ից սահմանին գազի գինը թանկացավ․ Հայաստանը 1000 խորանարդ մետր սկսեց վճարել 165 դոլար 150-ի փոխարեն, բայց բնակիչների համար սակագինը չփոխվեց:

Միքայել Մելքումյան
Միքայել Մելքումյան

Մելքումյանը ենթադրում է, որ «Գազպրոմն»այս հայտով նախորդ տարվա թանկացմանն է արձագանքում, սակայն նաև հարց է բարձրացնում․ ինչո՞ւ երբ 4 տարի սահմանին գազի գինն էժանացել էր, բնակիչների համար սակագինը չփոխվեց․ - «Այդ դեպքում կարծեմ 36 միլիարդ դրամի չափով օգուտ արեց «Գազպրոմը», ինչ-որ սպորտային համալիր կառուցեցին, թե ինչ արեցին»

«Գազպրոմ Արմենիայի» կողմից գազի գնի բարձրացման հայտը ներկայացնելու նախօրեին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակով դիմել էր ռուսաստանյան «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերին՝ նպատահարմար համարելով կորոնավիրուսի հետևանքով ստեղծված բարդ վիճակում, և համաշխարհային շուկայում նավթի և գազի գնի անկման պայմաններում իջեցնել նաև Հայաստանին մատակարարվող գազի գինը, նաև քննարկել դրա դիմաց վճարումը ազգային արժույթով կատարելու հարցը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ գազի գնի շուրջ պայմանավորվածությունները Մհեր Գրիգորյան - Ալեքսեյ Միլլեր մակարդակում չէ, որ լուծվում են․ - «Գազի գինը որոշվում է երկրների ղեկավարների ունեցած քաղաքական պայմանավորվածություններով»:

Ուշագրավ է, որ մարտի 31-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ և, Բելառուսի նախագահականի փոխանցմամբ, կողմերը կարծիքներ են փոխանակել նաև ռուսական գազի գների վերաբերյալ, նշել են, որ բնական գազի գները գերագնահատված են, ինչն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային չափանիշներին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին:

«Հայաստանի ղեկավարը պիտի ոչ թե Լուկաշենկոյի հետ խոսի Ռուսաստանի գազի գնի մասին, այլ ինքը առանձին բանակցի Վլադիմիր Պուտինի հետ։ Սա է ճանապարհը։ Սխալ ճանապարհ է ընտրվել դիվանագիտական իմաստով։ Միգուցե նաև դրա հետևանքն է հաջորդ օրը էդ գազի գնի հայտարարությունը», - ասաց Էդմոն Մարուքյանը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիայի» հայտը քննելու համար 80 օր ունի:

XS
SM
MD
LG