2019 թվականի բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են 8,9 մլրդ դրամի չափով, և այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներին գերազանցում են 49,5 մլրդ դրամով կամ 16,5 տոկոսով: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս ցուցանիշներն ավելի կընդգծվեն, եթե ասենք, որ իրենց հերթին հարկային հավաքագրումների 2019 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշները 2018 թվականի նկատմամբ ավելի են եղել 60,5 մլրդ դրամով կամ 25,3 տոկոսով: Այսպիսով, կարող ենք ասել, որ մենք ճգնաժամի եզրին փաստորեն բավական լուրջ գերակատարումներ ենք ունեցել և 2018 թվականի համեմատությամբ 2020 թվականի առաջին եռամսյակի եկամուտներն ավելացրել ենք ավելի քան 100 մլրդ դրամով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս ընդգծեց` գիտակցում են, որ կորոնավիրուսի արդյունքում առաջացած ճգնաժամի պատճառով դեռ անորոշություններ շատ կան, այս տեմպերը կկորցնենք: «Բայց մեծ հաշվով 2019 թվականի և 2020 թվականի առաջին եռամսյակի տնտեսական տեմպերը վկայում են, ապացուցում են այն փաստը, որ կառավարության տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է, և մենք տիրապետում ենք տնտեսության զարկերակին»,- ասաց վարչապետը: