Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, հաղորդում է պետության ղեկավարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Ապրիլյան պատերազմի զոհերի, զորավար Անդրանիկ Օզանյանի և սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին:
Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:
Այսօր Կառավարության նիստի ժամանակ վարչապետը մասնավորապես ասել է. - «2016 թվականի Ապրիլյան պատերազմի վերաբերյալ կան ամենատարբեր գնահատականներ, ամենատարբեր կարծիքներ, բայց կարծում եմ, որ պատերազմը, տեղի ունեցածը տվեց հարցերից թերևս ամենակարևորի պատասխանը: Իսկ հարցը հետևյալն էր, թե անկախության սերունդը որքանով է ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունը և ինքնիշխանությունը: Եվ, կարծում եմ, այդ պատասխանը պերճախոս կերպով տրվեց, որովհետև մեր անկախության սերնդի զինվորները՝ իհարկե, ոչ միայն նրանք, բայց մեր անկախության սերնդի զինվորները, երիտասարդները դարձան անօրինակ սխրանքների հեղինակներ՝ սրանով, ի վերջո, իսկապես պատասխանելով հարցերից թերևս ամենակարևորին»:
«Եվ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, հայ ժողովուրդը ընդհանրապես պետք է վստահ լինի, որ, այո՛, Արցախյան ազատամարտի առաջին սերնդի մեր ներկայացուցիչներին՝ հայրենիքի պաշտպաններին, եկել է համալրելու նոր սերունդը, որը նույնպես, գուցե ոչ նույնկերպ, բայց նույնքան վճռական պատրաստ է կանգնել սեփական հայրենիքի պաշտպանության դիրքերում, և սա կարծում եմ՝ այլևս կասկածի տակ չէ», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Նախագահ Արմեն Սարգսյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելության ժամանակ ուղեկցել են Հայկական բանակի նախկին ժամկետային զինծառայողներ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցներ Գոռ Դարմանյանը և Լիպարիտ Մելքոնյանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Արկադի Անդրեասյանը: Զինված ուժերում իրենց ծառայության ընթացքում նրանք աչքի են ընկել իրենց մարտական բարձր պատրաստականությամբ և նվիրվածությամբ, վիրավորվել մարտական գործողությունների ժամանակ: Նրանք աշխատանքի են ընդունվել «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնության շրջանակում, որի նպատակն է օժանդակել զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ապահովել աշխատանքով:
Արմեն Սարգսյանը և նրան ուղեկցող հայրենիքի պաշտպանները ծաղիկներ են դրել 2016-ի ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հերոսների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին, ասված է նախագահականի հաղորդագրությունում: