Կորոնավիրուսի դեմ պայքարի Ռուսաստանի օպերատիվ շտաբը հայտնում է, որ վերջին օրվա ընթացքում երկրում արձանագրվել է վարակման 440 նոր դեպք։ Այս պահին գրանցված վարակվածների թիվը հասել է 2777-ի։
Ինչպես նախկինում, վարակման նոր դեպքերի մեծ մասն արձանագրվել է Մոսկվայում՝ 267։ 372 նոր դեպք արձանագրվել է Կոմիում, 27-ը՝ Սանկտ Պետերբուրգում։ Վերահսկողության տակ են մնում 15 հազարից ավելի ռուսաստանցիներ։
Երկրի տարբեր ռեգիոններում տարբեր միջոցներ են ձեռնարկվում վարակի տարածման դեմ։ Ընդհանուր ռազմավարություն չկա։ Ո՛չ Մոսկվայում, ո՛չ էլ երկրում արտակարգ դրություն չի մտցվել։ Առանձին քաղաքներում ու մարզերում՝ օրինակ, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում գործում է փաստացի կարանտին․ մարդիկ տնից կարող են դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Մոսկվայում գրեթե չկա քաղաքային տրանսպորտի աշխատանքի սահմանափակում, նույնիսկ մետրոն է գործում, թեև փակվում է սովորականից մի քանի ժամ շուտ։ Սանկտ Պետերբուրգի մետրոն փակ է։
Վերջին օրվա ընթացքում ավելացել է նաև մահացածների թիվը։ Պաշտոնական տվյալներով, Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է ընդհանուր առմամբ 24 մարդ։ Նրանց մեծ մասը՝ դարձյալ Մոսկվայում։
Մայրաքաղաքի բնակիչները ամեն անգամ տնից դուրս գալուց առաջ պետք է լրացնեն հատուկ էլեկտրոնային անցաթերթիկ Մոսկվայի քաղաքապետարանի կայքում և QR կոդ ստանան։ Բայց այս մեխանիզմը դեռ չի գործում, մշակման փուլում է։ Նախատեսված են նաև տուգանքներ, թեև հայտնի չեն դրանց չափերն ու վերահսկողության մեխանիզմները։
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Մոսկվայի «Կոմունարկա» հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն վարակվել է կորոնավիրուսով։ Անցած շաբաթ այս հիվանդանոց էր այցելել Վլադիմիր Պուտինը։
Այսօր Պուտինի մամուլի քարտուղար Վլադիմիր Պեսկովն ասել է, որ նախագահը բոլորի հետ շփվելիս պահպանում է սոցիալական հեռավորությունը և չի սեղմում զրուցակիցների ձեռքը։
Մինչդեռ նշված հիվանդանոց այցելության ընթացքում Վլադիմիր Պուտինը մի քանի ձեռքսեղմում է ունեցել Պրոցենկոյի հետ։
Պեսկովը շուտափույթ ապաքինում է մաղթել Դենիս Պրոցենկոյին։
Վլադիմիր Պուտինը փաստացի մեկուսացած է։ Հայտնի չէ, թե որտեղ նա։ Դիտորդները նկատել են, որ նրա վերջին ուղերձը նկարահանվել է բունկեր հիշեցնող սենյակում։
Վերջին օրերին, ի դեպ, Ռուսաստանի նախագահը ոչ ոքի հետ չի հանդիպել, բոլոր զրույցներն ու խորհրդակցություններն անցկացնում է հեռախոսով կամ օնլայն կապի միջոցով։
Երեկ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Ռուսաստանը ԱՄՆ է ուղարկել բժշկական դիմակներով ու սարքերով բեռնված ԱՆ-124 «Ռուսլան» ռազմական օդանավ։
Ավելի վաղ Ռուսաստանը բժշկական օգնություն էր ուղարկել նաև Իտալիա։