Մատչելիության հղումներ

Գուրգեն Խանջյան․ Մարդկությունը վերջապես պիտի հասկանա, որ ինքը դրախտում չի ապրում


Արտակարգ դրության այս օրերին շատերը թերևս վերստին հասկացան գրականության, ընթերցանության իրական արժեքը, վերստին մտերմացան գրքի ու գրականության հետ:

Ի վերջո տանը հարկադրաբար, նաև գիտակցաբար պարփակման բարոյահոգեբանական բարդույթները հաղթահարելու լավագույն միջոցներից մեկը կարող է հենց ընթերցանությունը դառնալ:

Իսկ գրողներն այս օրերին անսպառ ժամանակ ունեն ստեղծագործելու։

Գուրգեն Խանջյանը «Ազատության» զրույցի ընթացքում շեշտում էր, որ այս օրերին զբաղված է նաև «Գրեթերթի» տպագրության հարցերով: Երիտասարդ գրողների համար հրաշալի հարթակ հանդիսացող թերթի հերթական համարն ամբողջովին ներկայացնելու է գյումրեցի երիտասարդ արձակագիրներին ու բանաստեղծներին:

Անդրադառնալով այսօր տիրող ընդհանուր իրավիճակին՝ գրողն ասաց․ - «Եթե չլինեին մահերը, կարելի էր մտածել, որ վիրուսային միջամտությունը քաղաքակրթության ընթացքին նախազգուշացման պես բան է․ ինչ-որ պիտի փոխվեր այս աշխարհում։ Անպայման։ Թեստի նման էր, ինչքան բան պարզվեց։ Պարզվեց, որ Եվրամիություն այդքան էլ միություն չէ, պարզվեց, որ այդ ամենազոր ՄԱԿ-ը, որ արդեն գոռոզամտացել էր, արդեն հասնում էր տիեզերքի ծայրերը, այդքան էլ զորեղ չէ, մի պստիկ վիրուսի առաջ կարող է ծնկի գալ․․․ Հուշումները շատ են մարդուն ու մարդկությանը։ Ցավոք, դա զոհերի գնով է լինում։ Բայց առանց դրա էլ գուցե հնարավոր չէր։ Մարդկությունը վերջապես պիտի հասկանա, որ ինքը դրախտում չի ապրում։ Արդեն այնքան էին գոռոզացել, ջերմության ու կոմֆորտի մեջ այնքան էին փափկել, որ իրենց թվում էր, թե դրախտում են արդեն։ Դա մարդկության ամենամեծ հիվանդությունն է։ Եվ վախենում եմ, սա էլ անցնի՝ այս արհավիրքը, ամիսներ հետո մոռանան, և ամեն ինչ վերադառնա ի շրջանս յուր»։

Հարցին, թե ինչ իրավիճակ է գրականության համար, չէ՞ որ ժամանակ կա ընթերցանության համար, Խանջյանն արձագանքեց․ - «Ընթերցանության համար՝ գուցե։ Բայց գրելու համար բոլոր ժամանակներն են լավ։ Միայն թե տաղանդ է պետք, գրող է պետք»։

«Այս օրերին մի քիչ շշմած, շփոթված եմ այս ամեն ինչից», - շարունակեց նա։ - «Փորձում եմ հասկանալ, կռահել։ Գոնե Հայաստանում որոշ ժամանակով քաղաքականությունը մոռանան, սա առիթ լինի համախմբվեն․․․ այդ սև-սպիտակ բաժանումները, բաները․․․ գուցե ճիշտ ժամանա՞կն է»։

Հարցին, թե ինչ է կարդում հիմա, Խանջյանը պատասխանեց․ - «Հետաքրքիր է, որ անդրադարձել եմ հայ հին վիպասքներին և հայոց պատմությանը։ Նորից վերընթերցում եմ․․․ այնքան նման է բոլոր ժամանակների քաղաքականությունը և այսօրվա քաղաքականությունը․ մեծ երկրներ, փոքր երկիր, կայսրություններ, հարձակումներ․․․ շատ բան չի փոխվել։ Մենակ գործիքակազմն է փոխվել, մտածողությունը, քաղաքականության ձևերը ուրիշներին գրավելու, ներքաշելու, կիսելու, պառակտելու․․․ ամեն բան նույնն է։ Մենք երևի իդեալիստներ ենք, մեզ թվում է, թե մարդկությունը փոխվելու է, հասնելու է մի իդեալական վիճակի, բայց ոչ։ Ագահությունը, այնուամենայնիվ, տիրում է, ընչաքաղցությունը, տիրելու ցանկությունը, գոռոզամտությունը, սրանք բաներ են, որ դուրս չեն գալիս մարդու մեջից։ Երբ որ վիճակը ծայրահեղ սրվում է, այդտեղ է պարզվում, թե ով ով է, մենք բոլորս ով ենք։ Այն էկզիստենցիալիզմը, որ թվում էր, թե անցած էտապ է մտածողության և գրականության համար, հիմա պարզ աչքի առաջ է։ Նույն Կամյուի «Ժանտախտը», նուն Սարտրի գործերը․․․ Ամեն ինչ վերադառնում է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG