Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովը ԿԲ նախագահի պաշտոնում առաջադրեց Մարտին Գալստյանին


Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյան
Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյան

Այսօր Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը առաջադրեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Մարտին Գալստյանին որպես Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու:

Նրա թեկնածությունը պետք է քննարկվի նաև լիագումար նիստում, ապա պատգամավորները պետք է փակ գաղտնի քվեարկությամբ պետք է թեկնածուին հաստատեն:

Քվեարկությունից առաջ պատգամավորները Գալստյանին բազմաթիվ հարցեր ուղղեցին, նաև թե կորոնավիրուսի հետ կապված այս մեկուսացումից հետո ինչպես է պետք տնտեսությունը ոտքի կանգնեցնել:

Մարտին Գալստյան․ - «Եթե կրիզիսը տևեց ավելի երկար, քան մի քանի ամիսը, ապա ես կարծում եմ, որ մենք կարող ենք տարբեր տիպի սցենարներ ունենալ, բայց գաղափարն այն է, որ անկման փուլը կարող է բավականին երկար տևել։ Դրա համար էս պահի դրությամբ կդժվարանամ ասել, թե ինչ է պետք անել կրիզիսից հետո։ Եթե լինի կարճ, Կենտրոնական բանկի քաղաքականությունն այնքան կարևոր չի լինի, որովհետև ինքնավերակենդանացման կամ ինքնավերականգնման փուլը շատ ավելի արագ կլինի։ Բիզնեսներն իրենք, որպես ավելի ճարպիկ ու խելացի, կգտնեն ձևը, մենք էլ կգտնենք ձևը իրենց օժանդակելու։ Եթե տևեց ավելի երկար, պիտի տեսնենք ինչ ռեսուրսներ ունենք բիզնեսներին, ընդհանհուր առմամբ հասարակությանը օժանդակելու տեսանկյունից»։

Գալստյանի թեկնածությանը երկու դեմ քվեարկողներից մեկը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն էր, ով ասաց, որ թեկնածուի պատասխաններից տպավորություն չստացավ, թե նա ճգնաժամային իրավիճակում կկարողանա արդյունավետ գործել․ - «Կենտրոնական բանկի նախագահը պետք է այլ հայացքով նայի այսօրվա Կենտրոնական բանկի գործունեությանը: Այս առումով ես, ցավոք սրտի, չեմ տեսնում, որ պատրաստ եք և կարող եք դա անել։ Որովհետև թե՛ Ձեր աշխատանքային փորձն է միշտ մի պատուհանից, թե՛ Ձեր պատասխաններն են ինձ հուշում, որ շարունակվելու արվել այն, ինչ արվել է միշտ։ Այնինչ մենք մտնում ենք ճգնաժամային փուլ։ Եվ այս առումով, ցավոք սրտի, ես չեմ տեսնում Ձեր թեկնածությունը որպես համապատասխան։ Ես շատ հարգելով Ձեր մասնագիտական և մարդկային որակները՝ ճգնաժամային կառավարիչ չտեսա Ձեր պատասխաններում և Ձեր կենսագրության մեջ»։

Մարտին Գալստյանն ասում է՝ կառչած չի լինի պաշտոնին․ - «Որ պահին որ առաջադրողները կզգան, որ ես մասնագիտորեն կամ ինչ-որ այլ պատճառով չեմ համապատասխանում այն պաշտոնին, որը զբաղեցնում եմ, հավաստիացնում եմ ձեզ, որ ես բացարձակ այդ պաշտոնից կառչած չեմ։ Ու տիկին Թանդիլյանի հորդորը լսելով, կտեղափոխվեմ մի ոլորտ, որտեղ կդառնամ երևի ավելի փորձառու ու ավելի գիտակ»։

Մարտին Գալստյանին Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը: Այլ խմբակցությունները թեկնածու չեն առաջադրել։

Գալստյանը տնտեսագիտության թեկնածու է, ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան Հանրային կառավարման դպրոցը: Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, եղել է նաև Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնօրենը: Նա Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերին։ Նրա թեկնածությունն այդ ժամանակ առաջադրել էր Հանրապետական կուսակցությունը:

Արդյո՞ք այս հանգամանքը պատճառ չէ, որ Մարտին Գալստյանի անունը ասոցիացվի նախորդ իշխանության հետ, և արդյո՞ք սա չի մտահոգում խմբակցությանը։ Իշխող խմբակցության ներկայացուցիչ Արտակ Մանուկյանն ասաց, որ հաշվի են առնել թեկնածուի մասնագիտական որակները:

Կենտրոնական բանկի նախագահը ընտրվում է ազգային ժողովի կողմից 6 տարի ժամկետով: Կենտրոնական բանկի ներկայիս նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսի 12 ֊ին: Մինչ այդ արդեն նոր նախագահը պետք է ընտրված լինի։

Ջավադյանը պաշտոնավարում է 2008 թվականից, Ազգային ժողովի կողմից երկու անգամ է ընտրվել այդ պաշտոնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG