Ղարաբաղում այսօր տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել Մինսկի խմբի համանախագահները՝ նշելով, որ «ի գիտություն են ընդունել այսպես կոչված «ընդհանուր ընտրությունները», որոնց առաջին փուլը տեղի ունեցավ մարտի 31-ին»։
Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) տարածած հայտարարությունում նշում են, որ ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման կոնտեքստում ընդունում են Ղարաբաղի բնակչության դերը իր ապագան որոշելու հարցում համանախագահների՝ մարտի 9-ի հայտարարությունում տեղ գտած սկզբունքներին և տարրերին համապատասխան։
«Սակայն համանախագահները ընդգծում են, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել որպես անկախ և ինքնիշխան պետություն ո՛չ համախագահ երկրների, ո՛չ էլ որևէ այլ պետության կողմից։ Հետևաբար համախագահները չեն ընդունում այդ «ընտրությունների» արդյունքները որպես Ղարաբաղի օրինական կարգավիճակի վրա ազդող գործոն, և ընդգծում են, որ արդյունքները չեն կարող որևէ կերպ կանխորոշել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ղարաբաղյան հակամարտության երկարատև և խաղաղ կարգավորման համար ընթացող բանակցությունների ելքը», - ասված է հայտարարությունում։