Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ, հայտնում են նախագահի աշխատակազմից:
Հանրապետության նախագահը և դեսպանը տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի, դրա կանխարգելման, հաղթահարման և բուժման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև գլոբալ համավարակի դեմ պայքարում հնարավոր համատեղ քայլերին: Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գերմանիայի կողմից Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը, մասնավորապես՝ պաշտպանիչ միջոցներ, հանդերձանք, համապատասխան պարագաներ։ Բարձր գնահատելով գերմանական ինժեներական փորձն ու գիտելիքները՝ նախագահն ասել է, որ հնարավորության դեպքում ակնկալում է գերմանական ընկերությունների խորհրդատվությունը և նաև Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքերի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունը: