Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան. Վերին Լարսում առանձին գոտի կառանձնացվի Հայաստանի բեռների համար


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Իր խոսքում, վարչապետը նշել է. - «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, շարունակում եք աշխատել որքան հնարավոր է բնականոն ձևով: Իհարկե, այս ժամանակահատվածում մենք խնդիր ունենք կոորդինացնել մեր գործողություններն ու մաքսիմալ լավ պայմաններ ապահովել մեր երկրից արտահանումների և դեպի մեր երկիր ներկրումների համար: Ես կարող եմ ասել, որ վերջին օրերին աշխատել ենք Վրաստանի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ և երեկ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ և՛ Վրաստանը, և՛ Ռուսաստանը կապահովեն, այսպես ասած, «կանաչ գոտի» ԵԱՏՄ բեռների համար, այսինքն՝ Վրաստանի տարածքով և Վերին Լարսում առանձին գոտի կառանձնացվի, ըստ էության, Հայաստանի բեռների համար: Իհարկե, քաղաքական մակարդակում պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց պետք է դա դեռ իրականություն դարձնել և կյանքի կոչել:

Նաև քանի որ այժմ ՌԴ-ում տարբեր սահմանափակումներ մտցնելու արագ որոշումներ են կայացվում, և դա կարող է որոշակի խուճապային տրամադրություններ առաջացնել Հայաստանում, սպառողների շրջանում մասնավորապես, շատ կարևոր է արձանագրել, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ, ըստ էության, սահմանափակումները, որոնց մասին կհայտարարվի, չեն վերաբերելու ԵԱՏՄ-ին կամ առնվազն Հայաստանին»:

Վարչապետն ընդգծել է, որ վերը նշված պայմանավորվածությունը հստակ է և վերջնական: Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ հաշվի առնելով ապրանքային մատակարարման խնդիրը՝ Ռուսաստանի գործընկերներն էլ են շահագրգիռ, որպեսզի իրենց խանութներում և սպառողական շուկաներում ապրանքները մատակարարվեն բնականոն հունով:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ամենօրյա ռեժիմով ստանում է ներկրումների վիճակագրությունը և ավելացրել, որ ապրանքների բավական պաշարներ երկրում ունենք: «Նաև պետք է հասկանանք, թե այս շրջանում արտահանման և ներմուծման հետ կապված խնդիրներն ինչպես ենք կոորդինացնում, որպեսզի այն պայմանավորվածությունները, որ Ռուսաստանի և Վրաստանի քաղաքական ղեկավարության հետ ունեցել ենք, բնականոն ձևով իրագործվեն»,- ասել է կառավարության ղեկավարը:

Այնուհետև տնտեսվարողները ներկայացրել են ստեղծված իրավիճակով պայմանավորված արտահանման և ներմուծման ուղղությամբ առաջացած խնդիրներն ու դժվարությունները, հանդես եկել դրանց լուծման առաջարկություններով: Իր հերթին, անհրաժեշտ պարզաբանումներ են ներկայացրել Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ու Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Վարչապետն Էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է ներկայացնել գործարարների հետ մշտական կապի մեջ լինելու մեխանիզմ, որը թույլ կտա հնարավորինս արագ արձագանքել վերջիններիս խնդիրներին ու գտնել օպերատիվ լուծումներ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հաշվի առնելով արտարժութային և լոգիստիկ խնդիրները՝ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների մի քանի ծրագրեր, որոնցով առաջարկվող գործիքների միջոցով կիսում է տնտեսվարողների ռիսկերը՝ տրամադրելով արտոնյալ, այդ թվում՝ զրոյական տոկոսով վարկային միջոցներ:

«Մեր քաղաքական կամքն այն է, որ ինչով կարողանանք՝ տնտեսվարողներին աջակցենք»,- ընդգծել է վարչապետը՝ կարևորելով այնպիսի մեխանիզմների ներդրումը, որոնք թույլ կտան պետությանը և մասնավոր հատվածին ճգնաժամային իրավիճակներում գործել արագ և արդյունավետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG