Կորոնավիրուսից վարակման հետևանքով 75 տարեկան հասակում մահացել է ֆրանսահայ քաղաքական գործիչ, Օ դե Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը։ Այս մասին հայտնում է դեպարտամենտի թվիթերյան միկրոբլոգը։
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը սոցիալական ցանցում իր ցավակցությունն է հայտնել` գրելով. «Վիշտն անսահման է: Խորապես ֆրանսիացի և միևնույն ժամանակ իր արմատներին մշտապես հավատարիմ Պատրիկ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր:
Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:
Նրա հեռացումը շատ մեծ կորուստ է բոլորիս համար: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Դևեջյանի տիկնոջը՝ Սոֆիին, որդիներին, հարազատներին, ընկերներին»:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, պաշտոնթաթող նախարար Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից:
Սա ծանր հարված է ֆրանսահայությանը, հայ ժողովրդին, Ֆրանսիային: Պատրիկ Դեւեջյանը մահացել է այս գիշեր, 75 տարեկան հասակում, կորոնավիրուսից:
Ցավակցում եմ բոլորիս»: