Երկրորդ օրն է վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատասենյակից զանգահարում է քաղաքացիներին՝ հետաքրքրվելու ի՞նչ դժգոհություններ ունեն արտակարգ դրության հետևանքով։
Վարչապետն ասում է՝ երեկվա զանգերից հետո հետություններ են արել, հակաճգնաժամային աջակցության ծրագրերը պետք է ավելի հասցեական լինեն:
«Ազդեց մեր քննարկումների ընթացքի վրա, հիմա որոշումներ են պատրաստվում նաև մի շարք՝ հակաճգնաժամային գործողությունների, և կփորձենք մաքսիմալ հասցեական լինել և արդյունավետ լինել, որովհետև արդյունավետությունը ամենակարևոր խնդիրն է: Տեսեք՝ ինչ պրոբլեմ կա, մենք գիտենք, որ ճգնաժամային իրավիճակներում, երբ որ աջակցություն, օգնություն, այսպիսի բաներ են բաժանվում, միշտ ի հայտ է գալիս շատ ճարպիկ, փոքր խումբ, որը կարողանում է տարբեր միջոցներով իր մոտ կենտրոնացնել էդ շրջանառվող աջակցությունը: Պարզ է, որ մենք պետք է աջակցենք, բայց մեր խնդրի կարևորագույն հատվածն այն է, որ արդյունավետ լինի, այդ գումարները, օգնությունները հասցեական լինեն, հասնեն մարդկանց, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն», - հայտարարեց վարչապետը:
Փաշինյանի գնահատմամբ, հիմա հրատապ աջակցության կարիք ունեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները: Այսօր առաջին իսկ զանգի հասցեատերը հենց այդպիսի ընտանիք էր:
Հաջորդ շաբաթվանից արդեն կգործարկվի ծրագիրը, ըստ որի այն մարդիկ, որոնք աշխատանքից ազատվել են մարտի 12-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում և ունեն մինչև 14 տարեկան երեխա, կստանան միանվագ նպաստ՝ հարյուր հազար դրամ։
Փաշինյանն այսօր ճշտում էր՝ ինչպե՞ս են թոշակառուները սոցիալական դժվարությունները հաղթահարում:
«Պապիկս թոշակ է ստանում, հայրիկիս աշխատավարձով էլ յոլա ենք գնում, նորմալ է ամեն ինչ», - ասաց վարչապետի զրուցակիցը:
Հարցին, թե պապիկն ինչքա՞ն թոշակ է ստանում, նա պատասխանեց. «41 հազար»:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվում էր՝ արդյոք հեռավար կրթությունն արդյունավե՞տ է, դժգոհողներ այսօր չկային: