Ստեղծվել է տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը, որը հասանելի է AC19.am կայքում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը:
«Ձեր տվյալները այնտեղ լրացնելուց հետո կգեներացվի հատուկ էլեկտրոնային փաստաթուղթ (այն հնարավոր չի լինի խմբագրել), որից էլ ստուգման նպատակով մոտեցած ոստիկանը կստանա անհրաժեշտ տեղեկատվությունը», - նշել է Ավինյանը:
Փոխվարչապետը հայտնել է նաև, որ բացի AC19.am կայքի ստեղծած հնարավորությունից՝ կարելի է օգտվել նաև մեր ՏՏ ընկերությունների կողմից ստեղծված էլեկտրոնային հավելվածներից, եթե դրանք համապատասխանում են անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ որոշմանը:
«Անմիջական շփումների բացառման և վարակի կանխարգելման նպատակով Ոստիկանությանը ցուցում է տրվել, որպեսզի մեր քաղաքացիների տեղաշարժման թերթիկը և անձնագիրը/նույնականացման քարտը ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը, այլ խնդրեն որ քաղաքացիներն իրենք ցույց տան դրանք», - գրել է Տիգրան Ավինյանը: