Մատչելիության հղումներ

«Մի բանկից վարկ ենք վերցնում, մյուսներով` մարում». Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը քաղաքացիների հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում զանգահարել է պատահական հեռախոսահամարներով՝ քաղաքացիների հետ շփվելու և կորոնավիրուսի հետ կապված խիստ եկուսացման ռեժիմում սոցիալական աջակցության ծրագրերն ավելի արդյունավետ և թիրախային դարձնելու համար:

Առաջին պատասխանողը ծեր կին էր, անկողնային հիվանդ, ում դուստրը պետք է մեկներ երկրից: Ասաց՝ սոցիալական աշխատողը վերջերս չի երևում, խոստացված քայլակներն էլ չի ստացել:

«Մայրիկ ջան, ուզում եմ իմանալ` ո՞նց եք, ո՞նց եք դիմանում այս սահամանափակումներին», - հարցրեց վարչապետը:

«Մի կերպ, ես պառկած հիվանդ եմ, ամուսինս էլ 90 տարեկան է, ուղղակի մենք տնից դուրս չենք գալիս», - պատմեց կինը` հավելելով, որ իր դուստրը, ով բնակվում է արտերկրում, հիմա իրենց մոտ է, օգնում է, սակայն սոցիալական աշխատողը մի քանի օր է, ինչ չկա:

Գյումրեցի կինը վարչապետի զանգից անակնկալի եկավ, ասաց՝ թոշակառու է, բայց ռուսաստանյան թոշակ է ստանում, քանի որ այդ երկրի քաղաքացի է, ֆինանսապես դիմանում են:

Հաջորդ ընտանիքը, սակայն, պարզվեց՝ ապրում է վարկերի շրջապտույտի մեջ: Մի բանկից վարկ են վերցնում, մյուս բանկերից վերցրած վարկերի մարումներն անում, մնացած գումարով կոմունալները վճարում ու հաց գնում: Արդեն 4 միլիոն դրամից ավելի պարտք են կուտակել: Երկու ամիս է` աշխատանք չունեն, եկամտի միակ աղբյուրն ընտանիքի ամենատարեց անդամի թոշակն է։

«Երեքով այդ 40 հազար թոշակով ե՞ք ապրում, ո՞նց», - հարցրեց վարչապետը:

«Դե, վարկերով, վարկ եմ վերցնում, վարկի տոկոսները զրոյացնում եմ, որ չկուտակվի, որ սև ցուցակ չընկնեմ», - ներկայացրեց քաղաքացին:

Փաշինյանը հայտնեց՝ շարունակելու է զանգերը նաև առանց դրանք ուղիղ եթերով հեռարձակելու, որպեսզի կառավարության կողմից պատրաստվող սոցիալական աջակցության ծրագրերը հասցեական լինեն և ծառայեն նպատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG