Մատչելիության հղումներ

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 840-ի


Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման նոր 182 դեպ, որոնցից 136-ը Մոսկվայում: Ընդհանուր առմամբ այսօր Ռուսաստանում վարակվածների թիվը հասնում է 840-ի, որոնցից 546-ը՝ Մոսկվայում:

Երեկ Օպերատիվ շտաբը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձից հետո հաստատեց կորոնավիրուսի հետևանքով երկու մահ: Երկուսն էլ տարեց քաղաքացիներ էին:

Հշեցնենք՝ երկրում արտակարգ դրություն չի հայտարարվել, տանը մնալու պահանջը գործում է միայն Մոսկվայում, քաղաքացիների հատուկ խմբի՝ 65-ից անց և քրոնիկ հիվանդություններ ունեցողների համար: Այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակված չէ:

Այսօր աշխատում են նաև տարբեր առևտրի կենտրոններ ու սրճարաններ: Մարտի 28-ից, սակայն, Մոսկվայում աշխատելու են միայն մթերային խանութներն ու դեղատները: Այդ մասին այսօր տեղեկություն է տարածել Մոսկվայի քաղաքապետարանը: Այս պահին տեղեկություն չկա քաղաքային տրանսպորտի աշխատանքների սահմանափակման մասին:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետը հայտարարել էր, որ օրական միլիոնավոր մարդկանց տեղափոխող մետրոն չի փակվի ոչ մի պարագայում, քանի որ վերաբացելուց հետո առնվազն կես տարի կպահանջվի մետրոյի բնականոն աշխատանքը վերականգնելու համար: Փոխարենը Ռուսաստանը մարտի 28-ից դադարեցնում է բոլոր տիպի թռիչքները դեպի արտասահման և արտասահմանից Ռուսաստան, բացառությամբ այն չվերթների, որոնք Մոսկվա կտեղափոխեն ՌԴ քաղաքացիներին:

Երեկ՝ Վլադիմիր Պուտինը մարտի 28-ից մեկ շաբաթով արձակուրդ է հայտարարել Ռուսաստանում:

Ուղերձում ՌԴ նախագահը չի խոսել ո՛չ վարակվածների, ո՛չ մահացածների մասին, չի խոսել նույնիսկ բուժաշխատողների հավելյալ ֆինանսական օգնության մասին, փոխարենը հայտարարել է, որ բանկում պահվող գումարներից առաջացած եկամուտից, եթե այդ գումարը գերազանցում է 1 միլիոն ռուբլին, այսինքն՝ մոտ 14 հազար դոլար, ռուսաստանցիներն այսուհետ պետք է շուրջ 13 տոկոս հարկ վճարեն: Պուտինի այս հայտարարությունը ամենից շատն է քննադատության արժանացել:

Ռուսաստանցի փորձագետները և իշխանությունների ընդդիմախոսները քննադատում են Պուտինի երեկվա ուղերձը՝ նշելով՝ բացի նրանից, որ նախագահն, ըստ էության, էլ ավելի արագացրեց փոքր և միջին բիզնեսի մահը Ռուսաստանում, նա ոչինչ չասաց կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների մասին:

Տնտեսագետ Անդրեյ Իլարյոնովը, մասնավորապես, "Эхо Москвы" ռադիոկայանի իր բլոգում գրել է, որ Պուտինն ի տարբերություն մյուս արևմտյան և արևելյան առաջնորդների գրեթե չխոսեց համաճարակի և բնակչության անվտանգության մասին, փոխարենը մեկ շաբաթով վճարովի արձակուրդի ուղարկեց մարդկանց: «Դժվար թե նման միջոցներով հնարավոր լինի կանխել վիրուսի արագ տարածումը Ռուսաստանում: Պետք էր առնվազն մեկ ամսով կարանտին հայտարարել», ասել է Իլարյոնովը:

Վերլուծաբան և պատմաբան Նիկոլայ Սվանիձեն էլ «Ազատության» ռուսական ծառայության եթերում ասել է, թե Կրեմլը պարզապես դեռ չի կողմնորոշվել՝ ինչ ռազմավարություն որդեգրել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում:

«Կրեմլը մինչ այս պահը ռազմավարական նշանակության որոշում այս հարցում չի կայացրել, Պուտինին այլ բաներ են հետաքրքրում: Կար երկու Կրեմլի համար չափազանց կարևոր միջոցառում՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 22-ին և մայիսի 9-ին կայանալիք տոնական շքերթը Կարմիր հրապարակում: Հանրաքվեից Պուտինը ստիպված եղավ հրաժարվել, հետաձգեց այն, իսկ շքերթի մասին դեռ ոչինչ չի ասել», - ասաց վերլուծաբանը:

Ի դեպ, Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը: Չնայած, որ կորոնավիրուսի համաճարակը հատկապես վերջին օրերին շատ արագ է տարածվում նաև Ռուսաստանում, Կրեմլը դեռ չի շտապում այն չեղարկելու մասին հայտարարություն անել:

XS
SM
MD
LG