Հայաստանում կորոնավիրուսը ընդլայնում է մասշտաբները, վարակածների թիվն աճում է, արտակարգ դրության ռեժիմը՝ ավելի խստացվում։
Խորհրդարանը հերթական նիստը սկսում է սովորականի պես։ Պատգամավորներն առանց պաշտպանիչ միջոցների էին, դիմակներ կրում էին եզակի պատգամավորներ, ձեռնոցներ՝ ոչ մեկը։ Պահանջվող սոցիալական հեռավորությունն էլ դահլիճում տեղ-տեղ էր։ Դա էլ պատգամավորների մի մասին բացակայությամբ էր պայմանավորված։
Ինչո՞ւ օրենսդիրները չեն հետևում հակահամաճարակային կանոններին։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը պաշտպանիչ միջոցներով նիստ անցկացնելը խուճապ տարածելու առումով ռիսկային է համարում․ - «Մի պահ պատկերացրեք ամբողջ Ազգային ժողովի դահլիճը նստած են բոլորը ձեռնոցներով և դիմակներ են կրում։ Հասարակությանը բացի օրինակ ցույց տալուց, այդտեղ նաև խուճապի կմատնենք»։
Վարչապետի եղբորորդին մեկուսանալու կողմնակից է, իսկ դիմակը, ըստ նրա, անհրաժեշտ է միայն վարակված լինելու դեպքում․ - «Դիմակ չեմ կրում՝ նաև համարելով, որ ես վարակակիր չեմ»։
«Իմ քայլը» խմբակցությունից Հրաչ Հակոբյանը խորհրդարան մտնելիս ջերմությունը չափել է, անհանգստանալու պատճառ չունի, իրեն այստեղ ապահով է զգում, հատկապես իր աշխատասենյակում․ - «Սենյակիս պատուհանը բաց, անընդհատ օդափոխում եմ ես»։
Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նախընտրում է շփումները սահմանափակել․ - «Ես աշխատում եմ այս ընթացքում անմիջականորեն քիչ մարդկանց հետ շփվել»։
Նա ասում է, թե դիմակների կարիք ունեն վարակվածների հետ անմիջապես շփվողները, և այս կարծիքին միայն Ալեն Սիմոնյանը չէ։
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անիմաստ է համարում դիմակն ու ձեռնոցը՝ եթե արտակարգ դրության պայմաններում նիստերը չեն հետաձգվում․ - «Որովհետև ես կարծում եմ, որ եթե մի մարդ էլ հիվանդ լինի շենքում, բոլորը հիվանդանալու են»։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Միքայել Մելքումյանը դիմակը գրպանում է պահում, իսկ Սերգեյ Բագրատյանն այն առհասարակ անհրաժեշտ չի համարում։
Սոցիալական պատասխանատվության վերաբերյալ պատգամավորների պատկերացումները տարբեր են․ մեկն իր առողջությամբ է դատում, մյուսը՝ տարածքում հազի ու փռշտոցի բացակայությամբ։
Հարցին, թե գուցե հանրության համար լավ օրինակ լիներ, եթե պատգամավորներն Ազգային ժողովի դահլիճում հետևեին հակահամաճարակային կանոններին, իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը արձագանքեց․ - «Դիմակներով մի փոքր ձայնը լավ չի լսվում, բայց կընդունեմ ի գիություն ձեր առաջարկը։ Նաև քաղաքացիների հետ շփվելու առումով էկրաններից շատ ավելի հարմար է լինում էսպես, բայց կընդունեմ ձեր առաջարկը ի գիտություն։ Ամեն դեպքում, Առողջապահության նախարարությունը նշել է այն կանոնները, որոնց պարագայում պետք է խստորեն հետևել դիմակ կրելուն։ Մեր աշխատասենյակներում գրեթե բոլորս ձեռնոցներով ենք»։
Ի տարբերություն օրենսդիրների, հակահամաճարակային կանոններին խիստ հետևում էին Ազգային ժողովի աշխատակիցները, այնտեղ աշխատող լրագրողներն ու օպերատորները։