Գործող Աշխատանքային օրենսգրքում բաց կա, խոստովանում են ոլորտի պատասխանատուներն, ովքեր այս օրերին նոր նախագիծ են պատրաստում, որով արտակարգ դրության օրերին կկարգավորվի գործատու-աշխատող փոխհարաբերությունները:
Գործող օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին կետով ասվում է՝ եթե պարապուրդը ոչ աշխատողի մեղքով է, ապա նա վճարվում է դրա համար, իսկ նույն հոդվածի 6-րդ մասն ասում է՝ անհաղթահարելի ուժ համարվող պատճառով առաջացած պարապուրդը չի վճարվում: Ստացվում է՝ պարզ չէ՝ քաղաքացիներն այս օրերի համար վճարվելու են 186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, թե չեն վճարվելու նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը դեռ չի հստակեցնում՝ արտակարգ դրությունն անհաղթահարելի ուժ է, թե ոչ:
«Ինչո՞ւ միանշանակ չասացի, որովհետև այս մասով դեռևս, քանի որ ասացի՝ նախագծային փուլում է, այս մասով դեռևս քննարկումներ են իրականացվում, և վերջնական տարբերակը ևս ձեզ հասու կլինի: Այս մասով, այո, խնդիրը տարանջատված է երկու մասի՝ ո՞վ է վճարում, գործատուն, թե՞ հատուցում պետք է տրամադրվի տվյալ պարագայում, որովհետև անհաղթահարելի ուժ է, և ենթադրաբար գործատուն չէր կարող շարունակել այլևս վճարել: Հարցն արդիական է, և սա մեր առաջնային հարցերից մեկն է, որ այս պահին քննարկում ենք, ուղղակի այս մասով վերջնական դիրքորոշում չեմ ուզում հայտնել, որովհետև ինքը նախագիծ է, կարող է իմ ասելուց հետո շատերն ընկալեն որպես վերջնական տարբերակ և առաջնորդվեն այդ ասածով: Սա շատ նուրբ հարց է որպես այդպիսին, դրա համար ավելի հստակ լինելու պարագայում, բնականաբար, հասու կլինի ինֆորմացիան», - հայտարարեց Սարգսյանը:
Նախագծով առաջարկվում է նաև, որ եթե արտակարգ դրությամբ պայմանավորված հնարավոր չէ աշխատանքները կատարել ոչ աշխատանքի վայրից, ոչ էլ հեռավար եղանակով, և եթե աշխատողն ունի չօգտագործված ամենամյա վճարովի արձակուրդ, ապա ցանկության դեպքում հենց այդ ժամանակահատվածում օգտվի այդ իրավունքից:
«Մեր առաջարկը հետևյալն է՝ հաշվի առնել, որ ամեն դեպքում տարվա կտրվածքով աշխատողին պետք է տրամադրվի արձակուրդ, իսկ ստեղծված իրավիճակում ստացվում է, որ աշխատողները չեն կարողանում աշխատել, գործատուի ապագա ծախսերը ինչ-որ չափով բերվում են ներկա, որովհետև նրանք ամեն դեպքում տարվա կտրվածքով այդ ամենամյա արձակուրդը պետք է տրամադրեին», - ասաց Ժորա Սարգսյանը:
Մամուլում արդեն իսկ կան հրապարակումներ այն մասին, որ շատ գործատուներ հորդորում են աշխատակիցներին օգտվել արձակուրդի իրավունքից: Այսպիսով չի՞ խախտվում արդյոք քաղաքացիների հանգստի իրավունքը, քանի որ նրանցից շատերն այլ կերպ էին պլանավորել իրենց վաստակած տարեկան վճարովի արձակուրդը, հետաքրքրվեցինք նախարարության ներկայացուցչից:
«Այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ կարելի է ասել՝ բոլորիս պլաններն են փոխվել, և առաջնահերթություններն են փոխվել», - պատասխանեց Սարգսյանը:
Նոր նախագծով կկարգավորվի նաև հեռավար աշխատանքի անցնելու հարցը, քանի որ գործող օրենսգրքում առկա տնաշխատների մասին կարգավորումները այն դեպքերի համար են, երբ կողմերի միջև աշխատանքային պայմանավորվածությունները ի սկզբանե այդպիսին են եղել. - «Աշխատանքը կատարում են հեռավար եղանակով, ենթադրվում է, որ աշխատանքի արդյունավետությունը կամ աշխատանքի բնականոն գործունեությունը սահմանված աշխատաժամանակի տեսակետից ամբողջությամբ պահպանվում է: Հետևաբար նաև նախատեսում ենք, որ այս պարագայում պետք է վարձատրությունն էլ ամբողջությամբ պահպանվի, եթե աշխատանքի ուղղակի վայրն է փոխվում, բայց շարունակում է հեռավար եղանակով իրականացվել»:
Նախագիծը որոշակի ճկունություն կհաղորդի նաև գործատուներին աշխատանքային ռեժիմն ու վայրը փոխելու հարցում: Գործող օրենքով գործատուն պարտավոր է աշխատողին նախապես ծանուցել փոփոխության մասին, հակառակ դեպքում կենթարկվի տույժերի: Արտակարգ դրության պայմաններում այս կետը ևս վերանայվում է:
«Եթե ստիպված է գործատուն օրինակի համար լրիվ աշխատաժամանակի ռեժիմից անցնել ոչ լրիվ, օրինակ` ներգրավել մեկ հերթափոխի ընթացքում 2 աշխատող 3-ի փոխարեն, նաև ճկուն լինի աշխատաժամերն այդ ընթացքում փոփոխելու, որպեսզի կարողանա իր աշխատանքները բնականոն շարունակի», - ասաց Ժորա Սարգսյանը:
Նախատեսված փոփոխություններին կտրվի հետադարձ ուժ, և այն կտարածվի մարտի 16-ից` արտակարգ դրություն հայտարարելու օրվանից հետո ծագած հարաբերությունների վրա: Նախագիծը կողմերից և ոչ մեկի համար վատթարացնող հետևանք չի ունենա, վստահեցնում են հեղինակները: Թե ինչ ժամկետներում կհրապարակվի փոփոխությունների նախագիծը, դեռ պարզ չէ: