«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հայտնում է, որ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հաղորդագրության համաձայն, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Նարեկ Սամսոնյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, Հայաստանի վարչապետի նկատմամբ կատարել է սուտ մատնություն՝ նրան վերագրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարում:
Հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին՝ սուտ մատնություն կատարելու մասով: