Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն արձագանքել է դեսպան Ժոնաթան Լաքոտի հասցեին ֆեյսբուքյան հայկական հատվածում հնչող քննադատություններին, թե իր ֆեյսբուքյան գրառումներով դեսպանը քամահրական վերաբերմունք է ցուցաբերել Հայաստանի առողջապահական համակարգի և ընդհանրապես վիրավորական դիրքորոշում որդեգրել բարեկամ երկրի նկատմամբ։
«Ֆրանսիայի դեսպանը Հայաստանի առողջապահական համակարգի հասցեին որևէ քննադատություն չի հնչեցրել և ցանկություն չունի որևէ բանավեճի մեջ մտնելու: Առաջնահերթությունը Հայաստանում հոսպիտալացված ֆրանսիացիներին աջակցելն է: Ոչ ռեզիդենտ ֆրանսիացիներին Հայաստանի տարածքը լքելու կոչը նպատակ ունի վերջիններիս վարակման դեպքում կանխել լրացուցիչ ծանրաբեռնվածությունը հայկական հիվանդանոցային համակարգի վրա: Դեսպանությունը մշտապես կապի մեջ է Հայաստանի իշխանությունների հետ և շնորհակալություն է հայտնում վերջններիս ցուցաբերած աջակցության համար»,- ասված է «Ազատությանն» այսօր հասեցագրված Ֆրանսիայի դեսպանատան լրատվական ծառայության պատասխանում։
Մարտի 18-ի իր ֆեյսբուքյան գրառմամբ դեսպան Լաքոտը կոչ էր արել Հայաստանում գտնվող ֆրանսիացիներին վերադառնալ Ֆրանսիա։ Օգտատերերեից մեկի հարցին՝ արդյոք ավելի ապահո՞վ է Ֆրանսիայում, դեսպանն արձագանքել է՝ այո, հատկապես ֆրանսիացիների համար, ովքեր Հայաստանում կապեր չունեն, և բժշկական ենթակառուցվածքի պատճառով։ Այնուհետև կցելով «Նորք» ինֆեկցիոն հինվանդանոցը պատկերող լուսանկար՝ Ժոնաթան Լաքոտը գրել է, թե անշուշտ ազատ եք ընտրել «Նորքի» հոսպիտալը։
Ավելի ուշ դեսպանը մանրամասնել է, որ Ֆրանսիա վերադառնալու կոչի նպատակն է առավել չծանրաբեռնել հայաստանյան փխրուն առողջապահական համակարգը։ «Յուրաքանչյուր տարի հազարավոր հայեր են գալիս Ֆրանսիա բուժվելու համար, և մենք չենք կարող նրանց մեղադրել (նույնիսկ եթե նրանք իրենց հետևից թողնում են շոշափելի պարտքեր հիվանդանոցներում)»,- նաև նշել է Ժոնաթան Լաքոտը այլ մեկնաբանությունում:
Ֆրանսիայի դեսպանի ֆեյսբուքյան գրառումները բուռն արձագանք են ստացել սոցիալական այդ ցանցի հայկական հատվածում, թե Ֆրանսիան ներկայացնող դիվանագետը ծաղրում է Հայաստանը։
Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր Ֆեյսբուքում կոչ է արել Ֆրանսիայի դեսպանին «հրապարակավ վերանայել իր հայտարարությունները, քանի որ դրանք ամենևին չեն բխում հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության ու երկու երկրների միջև հաստատված ամուր կապերի բնույթից»։
«Ֆրանսիայի դեսպանի նման հրապարակային հայտարարությունը քամահրական վերաբերմունք է Հայաստանի առողջապահական համակարգի և ընդհանրապես վիրավորական դիրքորոշում բարեկամ երկրի նկատմամբ։ Այն դեպքում, երբ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը բազմապատիկ ավելի է, քան Հայաստանում»,- գրել է Բաբաջանյանը։