Ալավերդիում 4 տարի առաջ 4 դպրոցահասակ երաժիշտները ռոք խումբ ստեղծելիս չէին էլ պատկերացրել, որ մի օր իրենց կնկատի լեգենդար ռոք երգիչ Իէն Գիլանը: Խմբի երիտասարդ անդամները նշում են` լսածին չէին հավատում:
Աշխարհահռչակ Deep Purple խմբի մեներգիչն անձամբ տեսաուղերձով իրենց է դիմել, հորդորել շարունակել նվագել և հաճույք ստանալ. - «Լավ եղեք, շարունակեք նվագել և հաճույք ստանալ, ինչ էլ լինի, երաժշտությունը կմնա ձեր ընկերը ողջ կյանքի համար: Հաջողություն եմ ցանկանում ձեզ»:
«Մեդիամաքս» գործակալության միջոցով Իէն Գիլանին է հասել «Ազատություն» ռադիոկայանի անդրադարձը Լոռու մարզի մի փոքրիկ անկյունում` Ալավերդիում, արդեն 4 տարի գործող «Լոռիենց» խմբին: «Լոռվա զրից» հաղորդաշարի թողարկմանը խումբը կատարում էր Իէն Գիլանի երգերից մեկը: Երգիչը դիտել է, հավանել ու տեսաուղերձի միջոցով քաջալերել երիտասարդ տղաներին:
Խմբի ղեկավար Խաչատուր Ազատյանը, որ դեռ երիտասարդ տարիներից կիթառ է նվագել Ալավերդու խմբերում, ասում է. - «Ուրախությանս չափ չկար, ոչ թե հաճելի անակնկալ էր, այլ ապշեցուցիչ անակնկալ: Դա պարտավորեցնող է ոչ թե միայն երեխեքին, այլ նաև ինձ, որովհետև մենք մի թիմ ենք, մի կամանդա ենք, իրենք առանց ինձ չկան, ես առանց իրենց գրեթե չկամ»:
«Լոռիենց» խմբի անդամները համոզված են` Իէն Գիլանից ստացած ոգևորությունը իրենց նոր նվաճումների սկիզբն է, ասում են` սկզբից չէին պատկերացնում, որ այդպիսի բան կարող է լինել, տեսաուղերձը կստիպի ավելի եռանդուն կերպով աշխատել. - «Բարձունքներն արդեն կախված կլինեն հենց դրանից: Դե մինչև բարձունքներին հասնելը շատ փորձություններ կան հաղթահարելու, եթե բոլորը հաղթահարենք, հաստատ կհասնենք ինչ-որ բանի, պետք է շատ աշխատենք ու մեր կյանքը սրան նվիրենք»:
«Դա իր կողմից շատ մարդկային քայլ էր, որ ինքը մեզ նման խմբին, որ Հայաստանում էլ մեծ տարածում չունի, ուղղություն տվեց», - ասում են երաժիշտները:
Անգլիացի ռոք երգիչն իր տեսաուղերձում դիմել էր երիտասարդներին ու խոսել իր հանրահայտ դառնալու դժվարությունների մասին. - «Նայելով ձեզ` հիշեցի պատանեկության տարիներս, երբ մենք էլ շատ սարքավորումներ չունեինք, բայց սիրում էինք երաժշտությունը»:
«Լոռիենց» խմբի ղեկավարն ասում է` դժվար է Ալավերդիում երաժիշտ գտնել, խումբ ստեղծելն ստացվել է, բայց շուտով երաժիշտներից մեկը բանակ, մյուսը մեծ քաղաքներում ուսում ստանալու կգնա, չգիտի` արդյոք կստացվի նրանց պահել փոքրիկ քաղաքում. - «Պայմանները տեսնում եք, թե ոնց են, մի վախտ երաժշտական դպրոցում էինք գնում, զբաղվում, այնտեղ մեզ չէին խանգարում, բայց մենք էինք իրենց խանգարում: Սա իմ պապական տունն է, մի թեթև տեղ ազատեցինք, երբ ուզում ենք, բացում ենք, նվագում, գնում, ոչ մեկի չենք խանգարում»:
Այսօր, երբ կորոնավիրուսի տարածման պատճառով դպրոցները փակ են, ամեն օր տղաները մեկուսանում են իրենց փորձասենյակ դարձած տանը, փայտի վառարանը վառում, կարտոֆիլի պլեչի շուրջ հավաքվում ու քննարկում երգացանկն ու անելիքները, սկսում նվագել: Համոզված են` երաժշտությունը կփրկի իրենց բոլոր տեսակի վիրուսներից: Հույս ունեն` աշխարհը դուրս գա այս դժվարությունից, մի օր իրենց պաշտելի երգիչը նաև Ալավերդի է գալու: