Գերմանիայի կառավարությունը քննարկում է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ծագած տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված հատուկ հիմնադրամի ստեղծման հնարավորությունը:
Այս մասին գերմանական DPA լրատվական գործակալությանը հայտնել են դաշնային կառավարությանը մոտ կանգնած իրազեկ աղբյուրները: Դրանց պնդմամբ, չի բացառվում, որ առաջիկայում հակաճգնաժամային հիմնադրամի հաշվեհամարներին շուրջ կես միլիարդ եվրո կուտակվի:
Հիմնադրամի կողմից հավաքագրված գումարները կուղղվեն կորոնավիրուսի համաճարակից առավել ծանր կորուստներ կրած ընկերություններին աջակցելուն:
Գերմանական կառավարության ներկայացուցիչները նաև չեն բացառել, որ համաճարակի հետևանքով սնանկացած ընկերությունը կարող են պետականացվել: Սակայն Գերմանիայի ֆինանսների նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Դենիս Կոլբերգը այսօր Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ կառավարությունն այս առթիվ դեռևս որևէ վերջնական որոշում չի կայացրել:
«Մենք միշտ էլ հստակորեն նշել ենք, որ կդիմենք անհրաժեշտ բոլոր քայլերին, որոնք հնարավոր կդարձնեն այս ճգնաժամի հաղթահարումը: Այդ միջոցառումների մի մասը Ֆինանսների նախարարը արդեն իսկ ներկայացրել է հանրությանը: Մենք այլ քայլերի ևս կդիմենք ընկերություններին և շարքային քաղաքացիներին օժանդակելու համար», - հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: