Մատչելիության հղումներ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 122 դեպք


Հայաստանում կորոնավիրուսի վարակի դեպքերն այսօր ավելացել են 12-ով։ Այս պահին 122 հաստատված դեպք կա։

Վերջին դեպքերն, ըստ առողջապահության նախարարի, Շենգավիթի արտադրամասից են:

«Սպասում ենք, որ ամեն դեպքում արտադրամասից ախտորոշված պացիենտների թիվը շատանալու է՝ կապված դրա մեծության և աշխատանքների կազմակերպման բնույթի հետ», - նշեց Արսեն Թորոսյանը:

Նախարարը վստահեցնում է՝ վարակակիրներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. նրանցից շատերը չեն ջերմում:

«38-ից բարձր [ջերմություն ունեցող] ունենք ընդամենը 5 հոգի, 39-ից բարձր՝ չունենք, 37-ից բարձր՝ 34 հոգի, էդ բարձրը 37-ն էլ եմ նույնիսկ հաշվել, այսինքն՝ 37,0-ն էլ եմ հաշվել», - ասաց Թորոսյանը:

Ռիսկային տարիքային խմբում 122 վարակակիրներից 13 հոգի են, 60-ն անց են, և նրանք էլ ջերմություն չունեն։

Կորոնավիրուսի դեպքերի համաճարակաբանական վերլուծությունը ցույց է տվել, որ դեպքերի մեծ մասը՝ 99-ը, փոխկապակցված է Էջմիածնի ու Շենգավիթի արտադրամասի շրջանակի հետ։

Նախարար Թորոսյանը մեկ անգամ էլ հերքեց՝ երկու օր առաջ «Նորք»-ի ինֆեկցիոնում մահացած 49-ամյա տղամարդը թոքաբորբ է ունեցել, բայց կորոնավիրուսի վարակ նրա մոտ չի հայտնաբերվել:

«Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մահն առաջացել է սրտամկանի ինֆարկտից», - ասաց Արսեն Թորոսյանը:

Թորոսյանն ասաց՝ վերլուծելով Իտալիայում նոր վիրուսից մահվան դեպքերը, պարզ է դառնում որ մահացածները հիմնականում 70-75 տարեկանից բարձր են և ունեցել են մի քանի այլ հիվանդություններ։ Տղամարդիկ 2,5 անգամ ավելի շատ են մահանում՝ կորոնավիրուսով վարակվելու հետևանքով: Ըստ նախարարի, վնասակար սովորություններն ու քրոնիկական առողջական խնդիրներն են պատճառը:

«Ուղիղ կապ կա թոքերի վատ վիճակի և մահացության հետ, իսկ թոքերը գիտեք՝ ինչից են ամենաշատը վնասվում: Այս մեծ թիվը տղամարդկանց մահացության, կապված է ծխելու հետ, հիմնականում ծխելու», - նշեց նախարարը:

Նոր վիրուսը դեռևս գիտական հանրության ուսումնասիրությունների թեմա է, առողջապահության նախարարը կարծում է, որ արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո էլ քաղաքացիները պետք է շարունակեն պաշտպանվել։ Եթե բժիշկները հորդորում են ինքնամեկուսացվել, անպայման հետևել հորդորին։

«Դրա խախտումը պետք է ունենա հետևանքներ, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն, և մենք հիմա աշխատում ենք այդ օրենքների նախագծի վրա», - ընդգծեց Արսեն Թորոսյանը:

Վարակ է հայտնաբերվել նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքույրերից մեկի մոտ։ Նախարար Թորոսյանի տեղեկացմամբ՝ բուժքույրը հոսպիտալացված է, թոքաբորբ չունի, վիճակը բավարար է։

Ի դեպ, ինֆեկցիոն հիվանդանոցը լուսանկարներով ֆլեշմոբ է սկսել համացանցում՝ «Մենք մնացինք աշխատելու հանուն ձեզ, դուք մնացեք տանը՝ հանուն մեզ» խորագրով:

Այս օրերին բուժաշխատողներին ուղղված բազմաթիվ ջերմ խոսքեր են հնչում տարբեր հարթակներում։ Կառավարության նիստում էլ նրանց ծափահարեցին:

«Մեր խոնարհումը և գնահատանքի խոսքը մեր առողջապահական համակարգի աշխատողներին, և նրանց նույնպես ծափահարենք, որպեսզի ամեն ինչ ճիշտ և ազնիվ լինի», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստում ընդհանուր առմամբ ծափահարեցին երեք անգամ՝ զգոն բուժաշխատողների, խուճապի չմատնվող ժողովրդի ու ճարպիկ գործարարների համար։ Վարչապետ Փաշինյանը շեշտեց՝ աշխարհի ցուցափեղկերը դատարկ են, մեզ մոտ գործարարների տաղանդի շնորհիվ պարենային ապահովության խնդիր չկա, միայն երեկ 38 բեռնատար մթերք է Հայաստան մտել:

«Բոլորս գիտենք՝ Լարսը փակ է, Իրանի հետ սահմանը փակ է, ամեն ինչ, ինչը հնարավոր է, փակ է, բայց միևնույն է, մեր գործարարները կարողանում են գտնել ճանապարհներ՝ ներմուծել սննդամթերք, ոչ սննդամթերք», - նշեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Վարչապետը նկատեց՝ երեկ երեկոյան արդեն սուպերմարկետներում իրավիճակը հանգիստ էր, թվերով՝ այս պահին երկրում կա շաքարավազի 201 օրվա պաշար, հավի միսը՝ 64 օրվա, 38 օրվա ձեթի պաշար: Ներկրումները շարունակվում են։

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն ասաց՝ գները պահում են մոնիտորինգի տակ: Թանկացում կա լոլիկ-վարունգի շուկայում, սակայն, ըստ Գևորգյանի, սա գյուղմթերքի համար ամենաթանկ ամիսն է: 7 խոշոր ջերմատներ կան, որոնք հիմնականում արտահանմամբ են զբաղվում: Վարչապետը նկատեց՝ արտակարգ դրության պարետատան որոշմամբ՝ կարող են արտահանումը սահմանափակել և մթերքն այստեղ թողնել:

«Պարետատունն այս հարցում էլ լիազորություններ ունի, նաև ապրանքների անհրաժեշտության դեպքում արտահանման սահմանափակում մտցնի և այլն: Այդ բոլոր գործիքակազմն արտակարգ դրությամբ կա, և ըստ էության ամեն ինչ կառավարելի է», - ընդգծեց Փաշինյանը:

Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը շեշտեց՝ քննարկումները, որոշումները ամենօրյա ռեժիմով են։ Էջմիածին ելումուտը արդեն բաց է, տեղաշարժի սահմանափակումը՝ հանված։

Պարետատունը քաղաքացիներին հորդորում է արտակարգ դրության ռեժիմում օգտվել թվային գործիքներից, պետական շուրջ 60 մարմիններ՝ քաղաքապետարան, մարզպետարաններ, քաղաքացիների դիմում-բողոք, հարցումները կընդունեն էլեկտրոնային՝ e-request միասնական հարթակում։

«Կորոնավիրուսից հետո էլ կյանք կա» արտահայտությունը կառավարությունը վերաձևակերպում է՝ «կյանք կա նաև կորոնավիրուսի ժամանակ»:

«Շատ լավ է, ես համարում եմ, որ Հայաստանը ամենաքիչ խուճապ ապրած երկրներից է կորոնավիրուսի, և սրա համար էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հանրությանը, մեր ժողովրդին, եկեք մեր ժողովրդին էլ ծափահարենք, որպեսզի արդար լինի», - ասաց վարչապետը:

Արտակարգ դրության ավարտին մնաց 26 օր։

XS
SM
MD
LG